Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|
07:51 - 06 մարտի, 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից․ Զոհրաբ Մնացականյան |civilnet.am|

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Խոսել է Ղարաբաղյան հարցի շուրջ․

Գիտեք, վարչապետը բավական հստակ ձևակերպել է այն մոտեցումը, որը վերաբերում է Արցախի առնչությանն իրեն վերաբերվող բանակցություններին։ Նաև շատ հստակ բացատրել է, թե ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետության վարչապետի մանդատը, ու՞մ կողմից է տրված այդ մանդատը և ինչպե՞ս կարող է վարչապետը իրականացնել այդ մանդատը։ 

Մանդատը ՀՀ վարչապետին տրված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից, և ինքն այդ մասով իրականացնելու է իր գործառույթը։ Ամենակարևորը, որ որևէ դեպքում Հայաստանը չի հրաժարվել իր պարտավորությունից՝ որպես բանակցող կողմ։ Մենք միշտ պնդել ենք և ընդգծել ենք, որ Հայաստանը եղել և մնում է հիմնական երաշխավորողն Արցախի անվտանգության, որովհետև որևէ այլ բան այս աշխարհում չկա։ Այն ինչ որ այսօր ունենք, մեր ձեռքերով կառուցած անվտանգության համակարգն է։ 

Որևէ այլ համակարգ, այլ մեխանիզմ չկա։ Եվ միշտ շեշտադրում ենք և նորից ուզում եմ հստակ շեշտադրել. մեր հարցը վերաբերում է շատ կոնկրետ անվտանգությանը, շատ կոնկրետ ֆիզիկական անվտանգությանը։ Չկա վերադարձ անցյալին, չի կարող լինել վերադարձ անցյալին։ Երբ որ մենք խոսում ենք ստատուսի մասին, սա ենք ասում, որ չկա վերադարձ անցյալին, որովհետև անվտանգությունը գերակա է։ Չի լինելու իրավիճակ, երբ որ մենք նորից վտանգի տակ դնենք մեր հայրենակիցների՝ Արցախի ժողովրդի կյանքը, ֆիզիկական կյանքը։ 

Մենք բացատրել ենք սա բազմաթիվ անգամ: 1994 թվականին ստեղծվել, ձևավորվել է համակարգ, որը նպաստում է մեկ բանի, որն ապահովում է մեկ բան՝ ֆիզիկական անվտանգություն։ Եվ ստատուսի մեր պնդումը բխում է դրանից։ Չի կարող լինել վերադարձ անցյալին, որովհետև չի կարող լինել որևէ իրավիճակ, որտեղ մենք վնասենք այդ անվտանգության համակարգը։ Չի լինի։ Սա մենք ասել ենք  բազմաթիվ անգամ։ 

Մենք մեր մասով մնում ենք վճռական, և մնում ենք ներգրավված և որևէ կերպ մենք չենք փորձում ձևականացնել՝ փորձում ենք բարդացնել կամ ուղղել պարտավորություններն այլ ուղղությամբ։ Մենք մեր պարտավորությունների տերն ենք և բանակցում ենք մեր մասով։ Բայց եթե մենք արդյունքին ուղղված բանակցություններ պետք է վարենք, պետք է գիտակցենք և հաշվի առնենք այն, ինչ որ իրողություն է. Հայաստանի Հանրապետության վարչապետը չունի մանդատ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից։

civilnet.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել