news.am։ Այն կարողությունը, որ այսօր ունի խոշորացված համայնքը, չունեն փոքր համայնքները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա առաջարկեց համայնքների խոշորացում արտահայտության փոխարեն այն անվանել «միավորում»:

Պապիկյանը տեղեկացրեց, որ խոշորացումը շարունակվելու է. «Այո, նման նպատակադրում կա: Մենք ուղղակի հիմա մեխանիզմներն ենք սահմանում, որ ոչ թե դա լինի հրամայական, ստիպողաբար, այլ լինի գիտակցված իսկ հետագա ընթացքը պետք է պատկերացնելի լինի: Այս հարցը հիմա քննարկվում է ԱԺ հանձնաժողովներից մեկում: Շուտով լինելու են հանրային քննարկումներ, խորհրդարանական լսումներ»:

Անդրադառնալով տեղական հանրաքվեներին, նա ընդգծեց. «Հանրաքվե անելու հնարավորություն է լինելու: Այսինքն եթե համայնքում ձեւավորվում է նախաձեռնող խումբ, որ ստորագրահավաք է անում հանրաքվե անցկացնելու համար եւ հանրաքվեում այդ գաղափարը հաղթանակում է, բնականաբար, համայնքը գնում է այն ճանապարհով, որը ընտրել է:

Այսօր փոքր համայնքների մեծ մասը կախված են կառավարությունից եւ համայնքների ապակենտրոնացման, համահարթ զարգացման գաղափարը չի բխում մեր իրականությունից, որովհետեւ մեր համայնքները մեծապես կախված են կառավարության տված դոտացիայից: Այսինքն եթե կառավարությունը դոտացիա չտա, այսօրվա համայնքը չի կարող անգամ իր աշխատակազմին աշխատավարձ վճարելու իր հարցերը լուծել: Սա նորմալ չի»,-ասաց նախարարը:

Նա նկատեց, որ խոշոր համայնքները կարողանում են իրենց հարցերը լուծել. «Խոշոր եւ խոշորացված ծրագրերն այս տարի կարողացել են 23 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրերի մասնակցել, որոնց կեսը, մոտ 10 մլրդը, եղել են այդ համայնքներում, բայց դուրս չեն եկել ու չեն արտացոլվել համայնքի ենթակառուցվածքներում»:

Նշենք, որ այսօր երեւանում մեկնարկել է «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլը:

Ըստ այդմ, Շվեյցարիայի կառավարությունը կընդլայնի իր աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ բնակչությանը հանրային ծառայություններն առավել արդյունավետ, թափանցիկ և ժողովրդավարական եղանակով մատուցելու համար։

Ծրագրի շնորհիվ ՀՀ կառավարությունը կկարողանա ապակենտրոնացնել հանրային ծառայությունները կենտրոնից մարզեր՝ ապահովելով անհրաժեշտ ենթակառուցվածքներ այդ ծառայությունների մատուցման համար։