ՀՔԾ-ն միակողմանի է հրապարակել գործի ապացույցները․ Կոստանյանի փաստաբանները պահանջում են մեղադրանքի հիմքերը |news.am|
19:09 - 12 փետրվարի, 2020

ՀՔԾ-ն միակողմանի է հրապարակել գործի ապացույցները․ Կոստանյանի փաստաբանները պահանջում են մեղադրանքի հիմքերը |news.am|

news.am: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պաշտպանները դատական կարգով բողոքարկել են ՀՔԾ-ի եւ Դատախազության որոշումները, որով փաստաբաններին մերժել են տրամադրել Կոստանյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցները։ Այս մասին հայտնեց Գեւորգ Կոստանյանի պաշտպանական խմբի անդամ Գեւորգ Գեւորգյանը։

«Հաշվի առնելով, որ նախաքննական մարմինը որեւէ ապացույց չի ներկայացրել, որով կհիմնավորվեր պարոն Կոստանյանի մեղադրանքի որոշումը կամ հիմնավոր կասկածը, ուստի միջնորդել ենք մեր ծանոթացմանը ներկայացնել մեղադրանքի հիմքում դրված ապացույցները: Ընդ որում՝ մեղադրյալի արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է նաեւ պաշտպանության իրավունքի իրականացումը: Բացի այդ, մրցակցային դատավարության ապահովումն անհնար է, եթե մեղադրյալը տեղյակ չէ, թե ինչ անօրինական արարքի կատարման մեջ է մեղադրվում եւ ինչ ապացույցների հիման վրա, իսկ քննարկվող դեպքում պաշտպանական կողմը տեղեկացված չէ Գեւորգ Կոստանյանի մեղադրանքի հիմքի մասին, հետեւաբար, յուրաքանչյուր անձ, տեղեկացված չլինելով իրեն մեղսագրված արարքն ապացուցող տվյալների մասին, արդյունավետ չի կարող պաշտպանվել»:

Հիշեցնենք, որ Գեւորգ Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել