ՀՔԾ-ի պարզաբանումը՝ «Կոշ» ՔԿՀ պետին կաշառք տալու գործով մեղադրյալի պաշտպանի հայտարարությունների վերաբերյալ
15:53 - 21 ապրիլի, 2020

ՀՔԾ-ի պարզաբանումը՝ «Կոշ» ՔԿՀ պետին կաշառք տալու գործով մեղադրյալի պաշտպանի հայտարարությունների վերաբերյալ

ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետին կաշառք տալու փաստով քննված և դատարան ուղարկված քրեական գործով մեղադրյալ Հայկ Կարապետյանի պաշտպան Մասիս Մելքոնյանը նախօրեին Գագիկ Շամշյանին տված հարցազրույցում անդրադառնալով հիշյալ գործին` հայտարարել է, թե ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իբր գործը պատշաճ չի քննել, դրսևորել է կանխակալ և ուղղորդված մոտեցում:

Նպատակ ունենալով հանրությանը զերծ պահել քրեական գործով կատարված նախաքննության վերաբերյալ անհիմն շահարկումներից, ինչպես նաև կարևորելով հասարակության կողմից անաչառ և ամբողջական տեղեկատվություն ստանալու իրավունքը` անհրաժեշտ ենք համարում մի քանի պարզաբանումներ ներկայացնել այս առնչությամբ:

Նախ` փաստաբանի այն տարակուսանքը, թե ինչպես կարող էր կալանավայրում գտնվող մեղադրյալ Հայկ Կարապետյանը Երևան քաղաքի Արմենակյան փողոցում կաշառք տալ «Կոշ» ՔԿՀ-ի պետ Լյովա Բաղդասարյանին, առնվազն ոչ պրոֆեսիոնալ հայտարարություն է և պատիվ չի բերում տվյալ փաստաբանին, ում պետք է որ հայտնի լիներ, որ նախաքննության ընթացքում Հայկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել միջնորդավորված ձևով կաշառք տալու համար: Տվյալ դեպքում կալանավայրից Հ. Կարապետյանի դուրս գալը և Երևան հասնելն ամենևին պարտադիր չէր:

Բացի այդ, հարկ ենք համարում նաև նշել, որ Մասիս Մելքոնյանը հարցազրույցում ներկայացրել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ այն մասին, թե իբրև նախաքննության ավարտից հետո մյուս պաշտպանները չեն ծանոթացել լրացուցիչ քննության նյութերին: Այս կապակցությամբ էլ հայտնում ենք, որ գործով մյուս մեղադրյալները և նրանց պաշտպանները ծանոթացել են քրեական գործի նյութերին նաև լրացված մասով, որից հետո գրավոր այդ մասին տեղեկացրել են վարույթն իրականացնող մարմնին` նշելով, որ նախաքննության փուլում որևէ միջնորդություն չեն ներկայացնում:

Իսկ եթե Մասիս Մելքոնյանը նկատի է ունեցել, որ նախաքննությունը լրացնելուց հետո իր պաշտպանյալ Հայկ Կարապետյանին նախաքննության ավարտ կրկին հայտարարելուց մյուս պաշտպան Գեորգի Մելիքյանը ներկա չի եղել, ապա փաստաբանին հարկ է հիշեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումները, ըստ որի` դատավարական գործողությունը, որին պաշտպանի մասնակցությունն անհրաժեշտ է, չի կարող անօրինական ճանաչվել, եթե համապատասխան կասկածյալի կամ մեղադրյալի ոչ բոլոր պաշտպաններն են մասնակցել տվյալ գործողությանը:

Հիշյալ հարցազրույցի ընթացքում Մասիս Մելքոնյանի նշած մյուս փաստարկներին հարկ չենք համարում անդրադառնալ, քանի որ վարույթն իրականացնող մարմինն իր դիրքորոշումն արդեն արտահայտել է պաշտպանական կողմի միջնորդությունները քննարկելու արդյունքում կայացված որոշումներում: Իսկ «shamshyan.com» լրատվամիջոցին հորդորում ենք  այսուհետ զերծ մնալ միակողմանի տեղեկատվություն հրապարակելուց և նման դեպքերում նախապես դիմել ու ստանալ նաև վարույթն իրականացնող մարմնի պարզաբանումները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել