ՀՔԾ-ին ուղղված դիմումների քանակը հեղափոխությունից հետո աճել է մոտ 80 տոկոսով |armenpress.am|
17:11 - 10 հունիսի, 2019

ՀՔԾ-ին ուղղված դիմումների քանակը հեղափոխությունից հետո աճել է մոտ 80 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հատուկ քննչական ծառայությանը ուղղված դիմումները 2018-ի հեղափոխությունից հետո զգալիորեն աճել են: Դատական վերահսկողությունը ևս ընդլայնվել է, գրեթե ցանկացած որոշում բողոքարկվում է: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում 2018-ի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնելուց հետո ասաց ծառայության պետ Սասուն Խաչատրյանը՝ պատգամավորների հետ հարց ու պատասխանի ժամանակ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հետաքրքրվեց, թե գործերի շատ լինելու պատճառով նոր քննիչներ ներգրավելու անհրաժեշտություն չկա ՞ արդյոք:

«Հեղափոխությունից հետո դիմումների քանակն աճել է մոտ 80 տոկոսով: Դրանց մեջ կան նաև բազմաթիվ դիմումներ, որոնք նույնիսկ չեն վերաբերում ծառայության գործառույթներին, բայց յուրաքանչյուր դիմումի համար ծախսվում է ռեսուրս: Այդ դիմումներից որոշների հիման վրա նախապատրաստվում են նյութեր, եթե անձը հանցագործության մասին հաղորդում է տալիս, պարտադիր պետք է նախապատրաստվեն նյութեր, պատրաստվի որոշում: Դատական վերահսկողությունն այսօր այնքան է ընդլայնվել, որ ցանկացած որոշում բողոքարկվում է: Եվ քննիչները ստիպված են լինում դրանց բողոքարկման համար օրվա մի մասն էլ անցկացել դատարաններում, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց՝ ծանրաբեռնվածությունն իսկապես շատ է:

Նա նշեց, որ դիմում են գլխավոր դատախազին, նրա ցուցումի հիման վրա այլ ծառայություններից՝ Քննչական կոմիտեից, ԱԱԾ-ից, ՊԵԿ-ի քննչականից գործուղում են քննիչների, որոնք ՀՔԾ-ի քննիչների ղեկավարության ներքո աշխատում են քննչական խմբերում։ Խաչատրյանը վստահեցրեց, որ անում են ամեն ինչ, որ գործի որակը չտուժի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել