ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
09:32 - 18 նոյեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Նոյեմբերի 18-ին Երևանում մեկնարկել է «Մտավոր սեփականության ոլորտի դասավանդողների պատրաստում» երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել Կորեայի Գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոյի գլխավորած պատվիրակությունը: Աշխատաժողովին մասնակցելու են մտավոր սեփականության բնագավառի մասնագետներ Հայաստանից և Կորեայից:

Աշխատաժողովից առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր մտավոր սեփականության ոլորտում ուսուցման մշակույթը խթանելու և համագործակցությունը խորացնելու նպատակով:


Հուշագիրը ստորագրել են Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանը և Կորեայի գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն։

Հուշագրով նախատեսվում է, որ Կորեայի գյուտերի խթանման ասոցիացիան Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալության հետ կկիսվի մտավոր սեփականության ոլորտում իր ուսումնական ծրագրերով:

Մտավոր սեփականության ոլորտում ուսուցման մշակույթը խթանելու և երկու կազմակերպությունների միջև սերտ կապերը խորացնելու նպատակով կիրականացվի տեղեկատվության և կադրերի փոխանակում: Կողմերը կհամագործակցեն նաև մտավոր սեփականության ոլորտում մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ, ներառյալ ուսանողների դասավանդումը, ուսուցիչների վերապատրաստումը և այս ոլորտում մտքերի ու փորձի փոխանակումը սեմինարների, աշխատաժողովների, կլոր սեղանների և ցուցահանդեսների կազմակերպման միջոցով:

Կողմերը կփոխանակեն հետազոտություններ, անհրաժեշտ տվյալներ, հրապարակումներ և մտավոր սեփականությանն առնչվող այլ նյութեր, ինչպես նաև կապահովեն երկու երկրներում կազմակերպվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համաժողովներին, գիտաժողովներին և ցուցահանդեսներին իրենց երկրների համապատասխան մասնագետների մասնակցությունը:

Մտավոր սեփականության գործակալության պետ Երեմ Չախոյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ գործակալության պատվիրակությունը 2018 թվականին այցելել է Կորեայի մտավոր սեփականության գրասենյակ (KIPO)՝ մտավոր սեփականության բնագավառում վերջիններիս կողմից մշակված ուսումնական ծրագրերին ծանոթանալու և այդ փորձը Հայաստանում ներդնելու նպատակով:

Պատվիրակության ներկայացուցիչները մասնակցել են նաև ուսումնական հաստատություններում, մասնավորապես՝ դպրոցներում մտավոր սեփականության վերաբերյալ դասընթացներին, այցելել էլեկտրոնային խաղերի արտադրության ստուդիաները և ոգևորվել ու անչափ տպավորվել են մտավոր սեփականության ոլորտում մշակված և Կորեայի դպրոցներում արդեն իսկ ներդրված ուսումնական ծրագրերով:

Երեմ Չախոյանը հույս է հայտնել, որ երևանյան երկօրյա աշխատաժողովը հնարավորություն կընձեռի մտավոր սեփականության ոլորտում ուսուցման միջազգային լավագույն փորձին ծանոթանալու իսկ Հուշագրով նախատեսված միջոցառումների շնորհիվ կհաջողվի այդ փորձը կիրառել նաև Հայաստանում:

Կորեայի Գյուտարարության խթանման ասոցիացիայի նախագահ Ջունիո Կոն, ողջունելով աշխատաժողովի մասնակիցերին, նշել է, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար և ավելացրել, որ իրենց թիմը պատրաստակամ է հայ գործընկերներին փոխանցելու մտավոր սեփականության բնագավառում իրենց փորձը և գիտելիքները։

Այնուհետև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի հանդիպումը Ջունիո Կոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցության շրջանակները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել