ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը մասնակցել է «Սոցիալական ձեռնարկատիրության ուսուցման հեռանկարները Հայաստանում» համաժողովին, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում կրթության ներկա վիճակը, ձեռքբերումներն ու զարգացման հնարավորությունները:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նախարարության կողմից իրագործվող զբաղվածության ծրագրերը, կարևորել նաև մասնագիտական դասընթացների և վերապատրաստումների իրականացումը, ինչը խոցելի խմբերին հնարավորություն կտա մուտք գործել աշխատաշուկա։ Նա նշել է նաև, որ երբեմն բյուջետային սուղ միջոցներով իրականացվող ծրագրերը ի զորու չեն ամբողջովին լուծելու զբաղվածության խնդիրները, և այս առումով, սոցիալական ձեռնարկատիրությունը կարող է լրացնել այդ բացը։

Համաժողովի ընթացքում կարևորվել է նաև սոցիալական ձեռնարկատիրության բնագավառում հայաստանյան ուսուցանողների (թրեյներների) կարողությունների զարգացումը՝ համապատասխան մեթոդաբանության, գործիքակազմի և ուսուցողական ծրագրերի ապահովմամբ։ Այն նպատակ ունի նպաստել սոցիալական խնդիրների լուծմանն ու ոլորտային արժեքների ստեղծմանը։