ՀՀ-ում արհեստական խոչընդոտներ են ստեղծվել ընտանիքում բռնության դեմ պայքարի մեխանիզմների ստեղծման համար. նախարար  |news.am|
08:31 - 03 հուլիսի, 2019

ՀՀ-ում արհեստական խոչընդոտներ են ստեղծվել ընտանիքում բռնության դեմ պայքարի մեխանիզմների ստեղծման համար. նախարար |news.am|

news.am։ Հայաստանում երկար տարիներ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել ընտանիքում բռնության դեմ պայքարի մեխանիզմների ստեղծման համար: Այս մասին հուլիսի 3-ին «Հայաստանում ընտանիքում բռնության նախազգուշացման եւ պատժի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակություն» ծրագրի մեկնարկի շրջանակում իր ելույթում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նրա խոսքով՝ պետք է հիշել, որ կանանց նկատմամբ ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ոչ միայն բարի ցանկություններ բարձրաձայնել, այլեւ կոնկրետ քայլեր ձեռնարկել:

«Վերջին շրջանում ձեռնարկված քայլերի մեծ մասը պետք է վաղուց ձեռնարկված լինեին: Մենք միայն այս տարի ենք որոշումներ ընդունել, որոնք ապահովում են համապատասխան օրենքի իրականացման մեխանիզմների ապահովում»,- նշեց նա:

Նախարարը շեշտեց, որ նոր իշխանությունները կարեւորում են այս խնդրի լուծումը, ինչի մասին է վկայում պատգամավորների, կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների ներգրավումը:

Բաթոյանը հավելեց, որ այսօր շատ որոշումների ընդունումը կախված է առանձին անհատներից, եւ պետք է գնալ նրան, որպեսզի լրացուցիչ իրավական մեխանիզմներ ստեղծվեն համապատասխան օրենքների ընդունման միջոցով եւ մեծացվի ինստիտուտների դերը:

«Կարեւոր է նաեւ գերատեսչությունների միջեւ գործողությունների համակարգման բարելավումն այն նպատակով, որպեսզի աշխատանքները տարվեն ավելի համակարգված: Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի պետությունը հնարավորություն ունենա ոչ թե ուղղակի արձագանքել բռնության դրսեւորումներին, այլեւ կանխել»,- պարզաբանեց նա:

Նախարարը հայտարարեց, որ կարեւոր է նաեւ բարձրացնել հանրության տեղեկացվածության մակարդակը, այդ թվում՝ լրատվամիջոցների եւ ՀԿ-ների ակտիվ ներգրավման միջոցով:

«Մենք չպետք է անտարբեր մնանք մեր հարեւանների եւ մեր մտերիմների խնդիրների հանդեպ, եւ հասարակության մեջ պետք է այն ընկալումը լինի, որ կանանց դերի մեծացումը բխում է ինչպես տղամարդկանց շահերից, այնպես էլ ամբողջ պետության շահերից»,- եզրափակեց Բաթոյանը:

Նշենք, որ հուլիսի 3-ին Երեւանում Հայաստանի իշխանությունները եւ Եվրոպայի խորհուրդը տվել են «Հայաստանում ընտանիքում բռնության նախազգուշացման եւ պատժի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աշխատանքի շարունակություն» ծրագրի մեկնարկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել