ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը բացահայտած խախտումների համար նախազգուշացում կտա
10:52 - 28 մայիսի, 2019

ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը բացահայտած խախտումների համար նախազգուշացում կտա

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մայիսի 29-ի նիստի օրակարգում ««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը նախազգուշացնելու մասին» որոշման նախագիծն է:

Հանձնաժողովը հայտնում է, որ ՀԾԿՀ է դիմել «Տելեմաք Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ, Վահրամ Մարգարյանը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը պատկանող ավտոգազալիցքավորման ճնշակայանների (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) սպառված բնական գազի հաշվառման, գազասպառման սարքավորումների տեխնիկական սպասարկման համար համեմատ այլ ընկերությունների ավելի բարձր գին վճարելու, ծախսված բնական գազի դիմաց վճարման փաստաթղթերի ներկայացման, «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության նախաձեռնությամբ առևտրային հաշվառքի սարքերի ստուգաչափումը բաժանորդի հաշվին իրականացնելու, ԱԳԼՃԿ-ներին ամրակցված G-650 և G-250 տիպի առևտրային հաշվառքի սարքերը Ընկերության նախաձեռնությամբ G-160 տիպի առևտրային հաշվառքի սարքերով՝ առանց գնային արժեքների փոխհատուցման փոխարինելու, մատակարարված գազի դիմաց Ընկերության կողմից առանց վճարման (հաշվարկային) փաստաթղթի կանխավճար պահանջելու, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի Գագարինի խճուղու 61/4 և 61/5 հասցեներում գործող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարման դադարեցումը Հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №95Ն որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված ժամկետի խախտմամբ իրականացնելու և 2019 թվականի մարտի 7-ին սպառված գազի դիմաց վճարումներ իրականացնելուց հետո գազամատակարարումը չվերականգնելու վերաբերյալ:

Վերոնշյալն ուսումնասիրելով՝ հանձնաժողովը որոշում է.

1. Կանոններ խախտելու համար Ընկերությանը նախազգուշացնել։

2. Ընկերությանը հանձնարարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝

1) Մեկամսյա ժամկետում փոխհատուցել «Տելեմաք Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առևտրային հաշվառքի սարքերի ստուգաչափմանը վերաբերող չհիմնավորված ծախսերը և արդյունքների մասին տեղեկացնել Հանձնաժողովին.

2) սահմանված կարգով վերականգնել «Տելեմաք Գազ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի Գագարինի խճուղու 61/4 և 61/5 հասցեներում գործող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:

3. Ընկերությանն ընդունել ի գիտություն, որ իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել