panarmenian.net: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված՝ ասորական եկեղեցի յուրացնելու մասին բաց նամակում բարձրացված հարցերին սպառիչ պատասխան տալու համար այժմ ուսումնասիրվում են պատմական փաստերն ու եկեղեցու մասին վկայությունները:

Այս մասին հայտարարություն է տարածել Արարատյան Հայրապետական թեմը։
«Մեծ ցավով ենք արձանագրում, որ նման հարցը ներկայացվում է երկու դարավոր ու համատեղ պատմություն ունեցող ազգերի՝ հայերի ու ասորիների՝ գոյություն չունեցող խնդիրների համատեքստում: Թե Դիմիտրովի, թե Հայաստանի այլ վայրերում ապրող ասորիները մշտապես հոգատարության ու ուշադրության ներքո են եղել», - նշված է հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է Դիմիտրովի Ս. Աստվածածին եկեղեցուն, Հայ առաքելական եկեղեցին հայտնում է, որ մինչ հարցին վերջնական պատասխանելը, պետք է ուսումնասիրվեն եկեղեցու մուտքերից մեկի վերևում առկա հայերեն երկու արձանագրությունները, որոնցից մեկում, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ասվում է, որ եկեղեցին վերակառուցվել է 1911-ին, վերակառուցումը կատարել է Հովագիմ Տեր Վարդանյանը:

Երկրորդ արձանագրության վրա, ըստ հաղորդագրության, հստակ կարդացվում է, որ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1868-ին: Այս արձանագրության տեքստի ամբողջական վերծանումն այժմ կատարում են մասնագետները:

Անդրադառնալով բաց նամակում Տեր Միքայել քահանա Նուրիջանյանի հասցեին հնչեցված մեղադրանքներին` Արարատյան Հայրապետական թեմը հայտնում է, որ նա արդեն 7 տարի այցելում է Դիմիտրով համայնք և այս տարիների ընթացքում համայնքի անդամների ու բարերարների միջոցներով փորձում է նորոգել ու փլուզումից փրկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված եկեղեցին: Նշվում է, որ արդեն փոխվել են եկեղեցու դռները, պատուհանները, կառուցվել է Խորանի Սուրբ Սեղանը:

«Եկեղեցու պատերին այժմ կախված են Ուղղափառ եկեղեցու սրբապատկերներ, որոնք տարիներ առաջ գյուղի մեկ այլ՝ Ուղղափառ եկեղեցու վերանորոգման ժամանակ եկեղեցին են բերել համայնքի անդամները: Տեր Միքայելը մեկ արկղում խնամքով հավաքել ու պահում է մի շարք այլ սրբապատկերներ, խաչեր, ծիսական առարկաներ ու թագեր:

Եկեղեցու մաքրման ժամանակ տեր հայրը ստիպված է եղել հանել այնպիսի պաստառներ, որոնք եկեղեցու հետ որևէ կապ չեն ունեցել, սակայն ինչ-որ անհասկանալի պատճառներով տարբեր մարդիկ բերել ու թողել են եկեղեցում՝ դագաղների վրայի խաչեր, Ջոկոնդայի մոտ 400 հատ պաստառն, A4 չափի անորակ թղթի վրա տպագրված սրբապատկերներ, որոնց ետևի մասում եղել են մերկ մարդկանց նկարներ», - ասված է հաղորդագրության մեջ։