Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 93 հազարը, 3,2 հազար մարդ մահացել է, 51 հազարը՝ բուժվել |azatutyun.am|
10:17 - 04 մարտի, 2020

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 93 հազարը, 3,2 հազար մարդ մահացել է, 51 հազարը՝ բուժվել |azatutyun.am|

azatutyun.am: Նոր կորոնավիրուսի տարածումը Չինաստանում դանդաղում է և տեղափոխվում արևմուտք՝ Մերձավոր Արևելք, Եվրոպա և Միացյալ Նահանգներ: Վարակի ակտիվ օջախներ են գործում Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և Ճապոնիայում:

Իրանը երեկ հաղորդեց հաստատված 2 հազար 336 դեպքի և 77 զոհի մասին: Վարակված են Իրանի 23 խորհրդարանականներ, արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավարը: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ժամանակավորապես ազատ են արձակում տասնյակ հազարավոր բանտարկյալների՝ փորձելով կանխել կորոնավիրուսի տարածումը:

Իտալիայում զոհերի թիվն աճել է՝ հասնելով 79-ի:

Հարավային Կորեայում, վերջին տվյալներով, հաղորդվում է 5 հազար 328 դեպքի մասին:

Ուկրաինան և Մարոկոն երեկ հայտնեցին վարակի առաջին դեպքերի մասին: Կորոնավիրուսից առաջին մահն է գրանցվել Իսպանիայում:

Ամբողջ աշխարհում ավելի քան 93 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, 3 հազար 203 մարդ մահացել է: Չինաստանին բաժին է ընկնում նրանց 95 տոկոսը:

Վարակվածներից մոտ 51 հազարն արդեն բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից, տվյալ պահին վարակակիրների թիվն աշխարհում 39 հազար է, որից 27,5 հազարը՝ միայն Չինաստանում։

ԱՄՆ-ում մահվան դեպքերի թիվը հասել է 9-ի, ավելի քան 100 մարդ վարակված է առնվազն 15 նահանգում: Մահացության դեպքերը գրանցվել են Սիեթլում և Վաշինգտոնում:

Միացյալ Նահնագների Դաշնային պահուստային համակարգն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` կորոնավիրուսի բռնկման ռիսկերի ֆոնին տնտեսությունը խթանելու համար:

Հայաստանում այս պահի դրությամբ կա վարակի հաստատված միայն մեկ դեպք՝ վիրուսը հայտնաբերվել է փետրվարի 28-ին Իրանից ժամանած ՀՀ քաղաքացու մոտ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել