Կորոնավիրուսով հիվանդների թիվը մինչեւ մայիսի վերջ կարող է հասնել 10 հազարի. Թորոսյան |armtimes.com|
15:44 - 04 մայիսի, 2020

Կորոնավիրուսով հիվանդների թիվը մինչեւ մայիսի վերջ կարող է հասնել 10 հազարի. Թորոսյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այսօր ԱԺ-ում խոսելով վերջին օրերին նոր կորոնավիրուսի բավականին բարձր ցուցանիշների մասին, հայտնեց, որ վարակի տարբեր աղբյուրներ կան, եւ մենք բոլորս պետք է մաքսիմալ զգուշ լինենք:

Թորոսյանը նշեց վերջին 2 մեծ դեպքերի հետ կապված աղբյուրները. «Օրինակ՝ 34 քաղաքացիներ կարանտինից են, բուժաշխատողներ ունենք, հուղարկավորության արարողության մասնակիցներ եւ մի քանի գործող տնտեսվարող սուբյեկտների աշխատողներ»:

Թորոսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե կանոնները չպահպանվեն, կարող ենք ունենալ մինչեւ 500 հազար կորոնավիրուսով հիվանդներ եւ հազարավոր մահեր: Լրագրողները հետաքրքրվեցին, թե հաշվի անելով սահմանափակումների վերացումն ու վերջին օրերին հիվանդության թվի աճի նման տեմպը՝ մտավախություն կա՞, որ վերը նշված կանխատեսումը կարող է իրականություն դառնալ: «Իմ ասածը պարզապես օդում թիվ չէր, դա մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատումն էր Հայաստանի Հանրապետության համար՝ 500 հազար դեպք, տասնյակ հազարվոր հոսպիտալիզացիաներ եւ հազարավոր մահեր: Բարեբախտաբար, դա տեղի չի ունեցել, որովհետեւ մենք կարողացել ենք հարթեցնել կորը: Վիրուսի կորը բլուր է դառնում, բայց պետք է կարողանանք հարթեցնել»,- պատասխանեց նախարարը:

Ըստ Թորսոյանի՝ եթե մեկ ամիս առաջ Հայաստանում բացվեին սրճարաններն ու այլ սննդի կետեր, իրենք չէին կարողանա ճիշտ ձեւով աշխատել, չկային գրված կանոններ: Այժմ դրանք մշակվել են պատշաճ ձեւով, եւ ոչ մեկի մոտ հարց չի կարող առաջանալ, թե ինչպես բացի իր բեզնեսը, որպեսզի աշխատողները չվարակվեն: Այդ ամենը, ըստ նրա, իրավական տեսք է ստացել, եւ չկատարողները կենթարկվեն պատասխանատվության:

Առաջիկայում որքան կլինեն վարակվածները՝ նախարարը նշեց՝ միանշանակ պայմանավորված է մեզնից յուրաքանչյուրի վարքագծով: Նա հավանական թիվ նշեց, որ մայիսի վերջին գրանցված դեպքերի թիվը կարող է հասնել 10 հազարի: «Նույնիսկ, եթե շատ թիվ ունենանք, մեզ պետք է կայուն թիվ, կայուն թվի դեպքում կիմանանք՝ ինչպես աշխատել»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել