Կառավարության այսօրվա արտահերթ նիստի ընթացքում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց, թե ինչ փուլում են Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին և 2-րդ միջոցառումները։

«1-ին միջոցառումը վերաբերում է հիմնականում փոքր և միջին ձեռնարկություններին։ Այստեղ ունենք բավարարված 205 վարկ՝ 8 միլիարդ 851 միլիոն դրամի։ բաշխվածություն ունենք ամբողջ հանրապետությունով։ Ունենք գործունեության ոլորտով էլ բանականին լավ բաշխվածություն՝ հյուրանոցային, ռեստորանային բիզնես, վերամշակում, առևտուր, առողջապահություն»,- նշեց նա։

Արթուր Ջավադյանն ասաց, որ 1-ին միջոցառման մասով արդեն կան մերժված հայտեր։ Մերժումների հիմնական պատճառը անհամապատասխանությունն է դրված չափանիշներին․ հայտ ներկայացնողներն ունեն հարկային պարտավորություններ, խնդիրներ նախորդ վարկային պատմության հետ։

«Վարկերի հայտերի քանակը բավականին մեծ է։ Այս պահին ունենք 691 հայտ՝ ընդհանուր առմամբ մոտ 39 միլիարդ դրամի»,- նշեց նա։ 

Արթուր Ջավադյանի խոսքով՝ 2-րդ միջոցառուման մասով բավարարված վարկերի ընդհանուր քանակը 536 է, որից 417-ը միկրովարկերն են՝ տրված գյուղացիական տնտեսություններին։ Վարկերի արժեքը 1 միլիարդ 606 միլիոն դրամ է։ Իսկ երկու ծրագիրը միասին մինչ այս պահը կազմել են 10 միլիարդ 458 միլոն դրամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ երբ ընդունում էին մասնավորապես 1-ին միջոցառումը, շատ  հոռետեսական գնահատականներ կային, որ ոչ մեկն էլ չի դիմի, որովհետև մարդկանց այդպիսի վարկեր պետք չեն։

«Բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ բավականին լավ ակտիվություն կա։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ առաջիկա օրերին թե՛ գյուղվարկերի մասով, թե՛ բիզնեսին աջացության մասով  ավելի ակտիվ ցուցանիշներ կունենանք»,- նշեց վարաչապետը։