Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ և երրորդ ծրագրի շահառուներն արդեն կարող են դիմել աջակցության համար |lragir.am|
13:11 - 01 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ և երրորդ ծրագրի շահառուներն արդեն կարող են դիմել աջակցության համար |lragir.am|

lragir.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ և երրորդ ծրագրի շահառուներն արդեն կարող են դիմել աջակցության համար։ Դրանք վերաբերում են ՓՄՁ-ին ու գյուղացիական տնտեսություններին աջակցելուն։ Երեկ ու այսօր հաստատվում են ծրագրին դիմելու կարգերը։ Աջակցության ծրագրերի համար գործում են թեժ գժեր՝ 8105 և 041 01-05-23 հեռախոսահամարներով։

Այսօր կառավարությունում հրավիրած ասուլիսում Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը մանրամասնեց աջակցության երրորդ ծրագիրը։ «Այս միջոցառումը փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն է միտված։ Կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սնունդի, մշակվող արդյունաբերության ոլորտում, որոնց 2019 թվականի շրջանառությունը եղել է 24-500 մլն դրամի շրջանակներում, որոնց մեկ եռամսյակի շրջանառությունն ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավելի է, որոնք ունեն բարվոք հարկային ու վարկային պատմություն։ Նրանք կարող են դիմել ու ստանալ անտոկոս վարկեր։ Մենք դրանք անվանում ենք արտոնյա վարկեր, 36 ամսով տրամադրվող վարկեր են, որոնց առաջին երկու տարվա, այսինքն՝ 24 ամիսների համար վարկը գործում է անտոկոս, վերջին մեկ տարվա համար՝ 12 տոկոս պայմանով»,- ասաց փոխնախարարը։

Նաիրա Մարգարյանի խոսքով՝ վարկը տրամադրվում է միայն անկանխիկ միջոցով և կարող է ծախսվել վարձակալության, աշխատավարձերի, հարկերի, հումքի, կոմունալների վճարների ուղղությամբ։ Վարկերն ունեն 6 ամիս արտոնյալ ժամկետ, այսինքն՝ վեց ամսվա ընթացքում շահառուն որևէ մարում չի անելու։ Իսկ 7-րդ ամսից սկսած հավասարաչափ մարումներ են գործելու։ Զբոսաշրջության և կացության ոլորտների համար կա լրացուցիչ պայման, եթե այդ շահառուն այդ երկու ոլորտից է և իր վերցրած վարկը չի գերազանցում 10 մլն դրամը, նորից մարման գրաֆիկը 7-12-րդ ամսում սահմանվում է հավասարաչափ, բայց ոչ ավելի, քան ամսական 70 հազար դրամ, որից հետո 13-րդ ամսից սկսած նորից հավասարաչափ մարումներ են լինելու։ Վաղաժամ մարումներ հնարավոր են, այդ դեպքում տուգանք նախատեսված չէ։

Բոլոր դիմումներն ընդունվելու են միայն առցանց` Ներդրումների աջակցման կենտրոնի կայքում։ Կայքում գործելու է նաև թեժ գիծ։ Պահանջվող փաստաթղթերի ցանկը պարզ է։ «Երկու կետ նշեմ, որը կարող է բարդություններ առաջացնել։ Որպեսզի մենք վարկային պատմությունը կարողանանք ճշտել, պետք է դիմենք ԱՔՌԱ համակարգին կամ շահառուն պետք է դիմի։ Որպեսզի ավելի արագ կարողանանք հայտադիմումը մշակել, առաջարկում ենք տրամադրել Ներդրումների աջակցման կենտրոնին լիազորագիր, որով կենտրոնը կարող է դիմել ԱՔՌԱ համակարգ։ Լիազորագրի օրինակն առցանց կա, այն պետք ստորագրված լինի էլեկտրոնային ստորագրությամբ։ Մենք նաև խնդրել ենք, որպեսզի շահառուները ներբեռնեն իրենց հարկային հաշվետվությունները»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել