news.am: Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երրորդ միջոցառումն ուղղված է փոքր բիզնեսին: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, այս գործիքի շահառուներ են լինելու այն անձինք եւ կազմակերպությունները, որոնք 2019-ի ընթացքում ունեցել են 24-500 մլն դրամի շրջանառություն:

Նախարարը նշեց, որ պայմանն այն է, որ այդ անձինք կամ  կազմակերպությունները պետք է 2019-ին օրինապահ հարկատու եղած լինեն, ունեցած չլինեն ժամկետանց վարկային պարտավորություն:

«Այս կազմակերպությունները կարող են 2019 թվականին իրենց ունեցած ամբողջ իրացման շրջանառության 10 տոկոսի չափով վարկ վերցնել՝ պետական ֆինանսավորման հաշվին: Այսինքն ըստ էության, դա տեղի է ունենում ավտոմատ եղանակով, բանկերը որոշող չեն, քանի որ նրանք վարկի վերադարձելիության որեւէ ռիսկ իրենց վրա չեն վերցնում: 

Կազմակերպությունը դիմում է պետական միջոցներով ֆինանսավորման համար ներկայացնելով միայն տվյալ բիզնեսի շահառու ֆիզիկական անձի անձնական երաշխավորությունը»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նա հավելեց, որ այդ վարկերը կարող են օգտագործվել, եթե վճարվում են աշխատակիցներին աշխատավարձ երեք ամիսների համար, յուրաքանչյուր աշխատակցին 300 հազար դրամի սահմաններում, եթե վճարում են հարկեր եւ տուրքեր, եթե ներմուծվում է հումք սեփական արտադրության համար:

«Այս գործիքով կարող են 2,4 մլն դրամից մինչեւ 50 մլն դրամի վարկավորման համար դիմել: Վարկավորումը մինչեւ 36 ամսով է, որից առաջին երկու տարվա համար տոկոսադրույքը կլինի զրո: Այն ֆիզիկական անձինք, որոնք հանդես կգան երաշխավորի դերում, պետք է բարձր վարկունակության պատմություն ունենան»,-ընդգծեց նա: