Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20 (թարմացվող)
00:39 - 17 մարտի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16.03.20 (թարմացվող)

00։25- Մենք ևս 50 թեստ քիչ առաջ  անցկացրեցինք, այսօր ընդհանուր առմամբ կատարել ենք 105 թեստ, և բացի այն թվերից, որ ես քիչ առաջ հրապարակեցի,  ուսում եմ ասել, որ ևս 7 թեստի արդյունքներ դրական են, բայց ուզում եմ շտապելով ասել, որ դեպքերից 12-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ և որևէ ախտանշան չեն ունեցել մինչ այս պահը։ Ինչո՞վ է պայմանավորված թեստերի դրական լինելը․ մենք որոշեցինք պրոակտիվ էքսպերիմենտ կատարել՝ հասկանալու համար մեր կողմից մեկուսացված շրջանակի մոտ վիրուսի առկայությունը և այնպես ստացվեց, որ մեր անցկացրած թեստերից 12-ում դրանք եղան դրական, սակայն նրանք մեկուսացման օրվանից մինչ այս պահը որևէ գանգատ չեն ցուցաբերել։ Այսինքն վիրուսը պարզապես առկա է նրանց օրգանիզմում։ [Արսեն Թորոսյան]

Այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների թիվը այս պահին  52 է։



23:05- Մարտի 16-ի, ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում իրականացվել է կորոնավիրուսային հիվանդության 694 հետազոտություն, որից 45-ը՝ դրական արդյունքով։ Նրանցից ոմանք արդեն իսկ մեկուսացած անձինք են, իսկ մնացածի շփման շրջանակը պարզվում է։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]


21:45- Վիվա-ՄՏՍ-ն անցել է  գործունեության արտակարգ ռեժիմի։ Սպասարկման կենտրոնները չեն գործելու՝ մարտի 17-ից սկսած: Վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել Մոբիդրամ հավելվածից, Վիվա-ՄՏՍ-ի առցանց վճարման (https://cabinet.mts.am/Epay2/) համակարգից, ինչպես նաև առցանց այլ համակարգերից ու վճարային տերմինալներից:

21:35-Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`
✅Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք
✅Թարգմանիչներ
✅Տվյալների բազա լրացնողներ
✅Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:

Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում: Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` 098 86 05 89, 077 37 11 15։ [ՀՀ ԱՆ]



21:05- Ի պատասխան ԱԺ-ում հնչած՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մեր երկրում առկայության և այն պնդման, որ «հանրությունը պետք է իմանա, որ դրանք չեն հերիքում», տեղեկացնում եմ, որ
✅ Այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք։
✅ Այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։
✅ 3-4 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 11 սարք՝ ձեռք բերված ՌԴ-ից։
✅ 10-15 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 10 սարք՝ ձեռք բերված Չինաստանից։ [Արսեն Թորոսյան]

21:00- Այսօրվանից ի վեր Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժաշխատողներին մատակարերելու ենք սննդամթերք։ Առաջին խմբաքանակի մատակարարումն արդեն հաջող կերպով կազմակերպված է։ Բոլոր շահագրգիռ կազմակերպությունները ևս կարող են միանալ նախաձռնությանը։ [Բեկոն Պրոդուկտ]

20:50- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ուսումնական կիսամյակի հնարավոր երկարացումից խուսափելու և բաց թողնված դասերի կուտակումն ու դրանց հավելյալ լրացումը կրճատելու նպատակով անցնում է ուսումնական գործընթացը հեռավար կազմակերպելուն։

20:20- ՏՄՊՊ հանձնաժողովը պայքարում է գնաճի դեմ։ Կարծում եմ, որ գնաճի դեմ կարող ենք պայքարել մենք ինքներս՝ սպառողներս, երբ պայմանավորվենք, որ «խուճապային» գնումներ չենք իրականացնի։ [Նիկոլ Փաշինյան]

19:55- Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող։ Այն կարող է տեղի ունենալ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան հիսուն, և ոչ ուշ, քան վաթսուն օր հետո։ [Նիկոլ Փաշինյան]

19:50- ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում ստեղծվել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն, որտեղից առաջիկա օրերի ընթացքում կկազմակերպվեն մամուլի ասուլիսներ (12:00-ին, 16:00-ին, 20:00-ին)՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ կապված օպերատիվ տեղեկատվություն տրամադրելու համար: Ասուլիսները հեռարձակվելու են Հանրային հեռուստաընկերությամբ (բաց հաճախականությամբ) և ՀՀ կառավարության յութուբյան ալիքով:

19:45- Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Նիստի ընթացքում հայկական կողմի նախաձեռնությամբ որոշվել է ԵԱՏՄ տարածք երրորդ երկրներից բժշկական նշանակության ապրանքների և անհատական պաշտպանության միջոցների ներմուծման դեպքում մաքսատուրքը սահմանել 0 տոկոս` 6 ամիս ժամկետով:

19:30- Տեղյակ եք, որ կորոնավիրուսի միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս` այն առանձնապես վտանգավոր է 70-ից բարձր տարիքի անձանց համար։ Այս պահին 60-ից բարձր տարիքային խմբի 3 պացիենտ ունենք, նրանցից միայն մեկն է թոքաբորբ տանում, մյուսները նույնիսկ ջերմություն չունեն։ Իրավիճակը կարելի է համարել կառավարելի։ Այսօրվա դրությամբ ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասի հետ, որտեղ բավական մեծ թվով մարդ է աշխատում, բայց, կարծես թե, կարողացել ենք գծանշել շփման շրջանակը, սակայն այս դեպքերում երբեք չես կարող 100 տոկոսով համոզված լինել, և սա է հենց արտակարգ դրություն սահմանելու որոշման պատճառը։ [Նիկոլ Փաշինյան]

19:25- Մենք այս ճգնաժամից պետք է դուրս գանք ավելի ուժեղացած և՛ տնտեսական, և՛ հանրային, և՛ առողջապահական իմաստներով։ Հաշվարկները ցույց են տալիս, որ 2020 թ․ ընթացքում ճգնաժամի հետևանքով աշխարհի համախառն արդյունքը կրճատվելու է 2 տրիլիոն դոլարով։ Սա նշանակում է, որ տնտեսական դաշտում այդքան տարածք նաև ազատվելու է։ Իհարկե, մենք էլ ենք վնասվելու, բայց նաև որոշակի տարածքներ են ազատվելու, և մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու այդ տարածքներում Հայաստանի ներկայությունն ավելացնելուն և Հայաստանի տնտեսական գործունեությունն առավելագույնս խթանելուն։ [Նիկոլ Փաշինյան]

19:20- Վիզաների ծառայության գործունեությունը դադարեցվում է մարտի 17-ից մինչև հետագա ծանուցում: Հետևաբար, վիզաների ծառայություն գործերը ներկայացնելու նպատակով վերցված հանդիպումները չեղարկվում են: [ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանություն]

19:17- Այնպիսի միջոցները, որոնք ենթադրում են` պիտի տեղի ունենան քաղաքացիների իրավունքների որոշակի սահմանափակումով, ՀՀ Սահմանադրությամբ հնարավոր է կիրառել միայն հանրային առողջությունը պահպանելու պարագայում, իսկ անձնական ազատությունների սահմանափակում հնարավոր է միայն արտակարգ դրության պայմաններում: Արտակարգ դրություն էլ հնարավոր է, երբ սահմանադրական կարգի նկատմամբ կա անմիջական սպառնալիք։ Տվյալ դեպքում սահմանադրական կարգին անմիջական սպառնալիք է գնահատվել այն, որ, ըստ էության, սպառնալիքի տակ է հայտնվում սոցիալական պետության հայեցակարգը, երբ քաղաքացիները ունեն առողջության, առողջության պահպանման իրավունք, եւ այդ իրավունքը կարող է հայտնվել անպաշտպան իրավիճակում, ու տվյալ դեպքում պետությունը պարտավոր է արտակարգ միջոցներ ձեռնարկել այդ իրավունքը ապահովելու համար։ [Նիկոլ Փաշինյան]

19:15- Ամենախիստ սահմանափակումները վերաբերում են տեղեկատվության սահմանափակմանը։ Խոսքը վերաբերում է բացառապես կորոնավիրուսի հետ կապված տեղեկությունների տարածմանը։ Այդ տեղեկությունները պետք է համապատասխանեն պաշտոնական տեղեկություններին։ Հույս ունեմ՝ այս ընթացքում Հայաստանի բոլոր քաղաքացիները համոզվել են, որ կառավարությունը րոպե առաջ ամենադետալացված տարբերակով տեղեկությունները ներկայացնում է հանրությանը, և դա եղել է առաջին օրերից մեր ռազմավարությունը։ [Նիկոլ Փաշինյան]

19:07- ՀՀ-ում այսօր, իմ ստացած զեկույցների համաձայն, պարենի բավարար պաշարներ կան, և եթե նույնսիկ արտահանման հետ կապված պրոբլեմներ առաջանան, ինչը գոնե այս պահի դրությամբ չկա, Հայաստանում որևէ պարենային դեֆիցիտ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի առաջանա։ Մյուս ապրանքատեսակների ներկրումները նույնպես իրականացվում են բավարար չափով, և պարետը համաձայն որոշումներ կայացնելու լիազորություններ ունի՝ ապրանքատեսակների ներկրումը ՀՀ ապահովելու համար։ [Նիկոլ Փաշինյան]

19:00- Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով հիվանդացությամբ 30 դեպք, որոնցից 19-ը առնչվում են Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանադրության արարողության հետ, եւս 3 հոգի առնչվում են ախտորոշված առաջին դեպքի հետ, եւ ամենամտահոգող դեպքն այս պահի դրությամբ երեկ ախտորոշվածներն են, որոնք արձանագրվել են Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ Այնտեղ ախտորոշված ներկայացուցիչների հետ շփման շրջանակը պարզման փուլում է․ այդ մարդիկ կմեկուսացվեն։ [Նիկոլ Փաշինյան]

18:40- ՀՀ-ում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, ՀՀ բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է՝ բանկային գործառույթների ամենօրյա սահուն և բնականոն ընթացքը կազմակերպելու համար: Միևնույն ժամանակ, ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում պատրաստ է ֆինանսական համակարգին տրամադրել լրացուցիչ իրացվելիություն ինչպես դրամով, այնպես էլ՝ արտարժույթով: [Նիկոլ Փաշինյան]

18:30- Հավաքներն ամբողջ հանրապետությունում արգելեցինք, իսկ թաղումներ, հարսանիքներ, 20 հոգուց ավելի մարդ ներառող միջոցառումներն արգելվում են միայն այն վայրերում, որոնք սահմանվում են պարետի կողմից: Այսինքն՝ պարետն առողջապահության նախարարության եզրակացության հիման վրա որոշում է, որ պետք է մեր քաղաքացիներին խնդրենք՝ այդ տարածքներում նման միջոցառումները սահմանափակեն: [Նիկոլ Փաշինյան]

18:20- Պայմանավորվեցինք մեր գործընկերների հետ, այդ թվում՝ Ազգային հիպոթեկային ընկերության, Բնակարան երիտասարդներին ծրագրի, միջազգային ծրագրերով երրորդ կողմի հետ, որ եթե առևտրային բանկն իրականացնում է փոփոխություն իր հաճախորդի հետ, այն է՝ հետաձգել վարկի մարումը, երկարացնել վարկի ժամկետը, նաև իջեցնել տոկոսադրույքը, ապա իմ նշած կազմակերպությունները կփոխեն պայմանները բանկերի հետ: Դա նշանակում է, որ այսօրվանից սկսած առևտրային բանկերն այդ հնարավորությունն ունեն: [ԿԲ նախագահ Արթուր Ջավադյան]

18:08- Կոնվերս Բանկը հայտնում է, որ ֆիզիկական անձանց վարկերի մարումը հետաձգում է մինչև մայիսի 15-ը, իսկ իրավաբանական անձանց կցուցաբերվի անհատական մոտեցում։

18։00- Մինչև մայիսի 15-ը ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեցների կողմից վարկային մարումներ չիրականացնելը չի համարվի ժամկետանց և տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու։ [Արդշինբանկ]

17։56- ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը: Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: |armenpress.am|

17։48- Փառք Աստծո, մինչ այս պահը Արցախում չունենք վարակվածության դեպք: Կոչ անենք մեր քաղաքացիներին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվել միայն բացառիկ անհարժեշտության դեպքում։  Անցագրային կետերում երկու կողմերից ուղևորվող քաղաքացիների ջերմաչափում կանցկացվի: Ջերմություն ունենալու պարագայում քաղաքացիները կվերադառնան իրենց բնակության վայրերը: [Նիկոլ Փաշինյան]

17։30- Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17։00-ն ներառյալ՝ ժամկետով հայտարարվում է  արտակարգ դրություն: [Նիկոլ Փաշինյան]

17։25- ՀՀ կառավարությունը քննարկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 09:00-ն ներառյալ՝ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:

17։13- Հայաստանի կենտրոնական բանկը հայտնում է, որ մարտի 16-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել: Փակվել են միայն Երևան քաղաքի առևտրի կենտրոններում (մոլերում) գտնվող որոշ մասնաճյուղերը՝ այդ առևտրի կենտրոնների աշխատանքի ժամանակավոր դադարեցման կապակցությամբ, ինչպես նաև
ՎՏԲ Հայաստան բանկի Էջմիածին մասնաճյուղը,
Ամերիա բանկի Էջմիածին մասնաճյուղը,
Յունիբանկի Էջմիածին մասնաճյուղը,
Այ Դի բանկի Էջմիածին մասնաճյուղը,
Ակբա Կրեդիդ Ագրիկոլ բանկի Էջմիածին և Մեծամոր մասնաճյուղերը:

17։09-‼️Հայտարարություն՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման ներկա իրավիճակի հետ

Նոր տիպի կորոնավիրուսի (#COVID19) վարակի Արցախի Հանրապետություն (ԱՀ) ներթափանցումը կանխարգելելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք՝

☑️Խուսափել հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների անցկացումից։

☑️Արտասահմանյան այցելություններ կազմակերպել խիստ անհրաժեշտության դեպքում՝ առաջնորդվելով Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ։

☑️Ժամանակավորապես խուսափել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից։

☑️Ներկայումս վերոնշյալ երկրներում գտնվող մեր քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ( հղում՝ https://www.mfa.am/hy/COVID-19/2020/03/11/dip-c/10146) հետ։

Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ԱՀ քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում):

Միաժամանակ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ԱՀ քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի հետ։ Կոնտակտային տվյալներ՝
ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժին
Հեռ․՝ (+374 47) 94 14 18
Էլ. փոստ՝ consular[@]mfa.nkr.am
http://www.nkr.am/…/anno…/2020-02-27/MFA-comment-coronavirus

16:58- Մարտի 15-ի ժամը 23։00-ից փակ է Էջմիածին քաղաքի 27 մուտքերից 24-ը։ Մյուս 3 մուտքերից` Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ և Վաղարշապատ-Մասիս, մարդկանց ելումուտը իրականացվում է հատուկ հսկողության ներքո:164 ջերմող քաղաքացու թույլ չի տրվել Էջմիածնից դուրս գալ։ [shantnews.am]

16։57- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը որոշում է կայացրել մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չսահմանել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների նկատմամբ: Պարտավորությունները չեն համարվի ժամկետանց, դրանց կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։

16։27- Սուրբ Գրիգոր Լուսավորիչ պոլիկլինկայի կողմից սպասարկվող, պլանային դեղորայք ստացող բոլոր խրոնիկ պացիենտներին հորդորում ենք մնալ տանը: Նրանց տնային պայմաններում կայցելեն տեղամասի թերապևտներն ու մանկաբույժները, ինչի արդյունքում տրված դեղատոմսի համաձայն պոլիկլինիկայից ստացվող դեղորայքը բուժքույրները կփոխանցեն պացիենտներին: Ինքնազգացողությանն առնչվող այլ հարցերով կարող եք կապ հաստատել շուրջօրյա սպասարկվող հետևյալ հեռախոսահամարներով` (011) 89-03-03, 89-03: Գործում են նաև (010)64-59-20, (011)64-59-20, մանկական բաժանմունքի համար` (010)63-58-21, (011)63-58-21 հեռախոսահամարները:
[Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ]

16։16- Կառավարության նիստն ընդմիջվեց 1 ժամով՝  արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագծում փոփոխություններ կատարելու և վերջնական տեսքով ներկայացնելու համար։ Այն կմեկնարկի 17։15-ին։

15։58- Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր: Անցակետերում և զննման կետերում բժշկական հսկողությունն ու զննությունը կարող են իրականացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց, Առողջապահության նախարարության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և պետական կառավարման համակարգի այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակետերում և զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը:

15։56- Պարետի ցուցումով ՀՀ համապատասխան համայնքի վարչական սահմաններում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները՝

- համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև պարետի ցուցումով` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով կատարվող մուտքերի և ելքերի.

- անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում) իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում, և նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում.

- սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում.

- անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ.

- տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:

15։54- Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, ներառյալ` դեղերը, բժշական պարագաները ու այլ միջոցները պարետի կողմից սահմանված դեպքերում և կարգով կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, որոնք իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

15։ 52- Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական բոլոր կրթական հաստատությունները, ինչպես նաև ՀՀ-ում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության:

15։51- Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը:

15։46- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`
- հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
- տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
- շարքային և կրթսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.
- պարետի ցուցումով` այլ գործունեություն:

15։41-Քրեակատարողական հիմնարկներում և ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ և պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել`
- զբոսանքները.
- քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը.
- կալանավորված անձանց և դատապարտյալների կրթություն ստանալու իրավունքը.
- կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքով զբաղվելը.
- շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.
- պարետի ցուցումով` այլ գործունեություն:

15։40-Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`

- հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
- տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
- կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:

15։39-Արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.
- կրոնական, ծիսական միջոցառումները.
- համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.
- ժամանցային միջոցառումները.
- տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները.
- պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:

15։38- Հայաստանի  ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

15։36- Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն, որը կղեկավարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

15։31- ՀՀ կառավարությունը քննարկում է ՀՀ ամբողջ տարածքում 2020-ի մարտի 16-ից ժամը 17։00-ից մինչեւ 2020 թվականի ապրիլի 14-ը մինչեւ 09։00-ն ներառյալ՝ արտակարգ դրություն հայտարարելու հարցը։

15։19- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը:

15։11- Զինծառայողների հարազատներին հորդորում ենք իրենց զավակներին կապոցներ չուղարկել, պահպանել անվտանգության կանոնները, ըմբռնումով մոտենալ կիրառվող սահմանափակումներին։ ՀՀ զինված ուժերն ամբողջապես ապահովված են անհրաժեշտ ծավալի պարենով, հիգենիայի պարագաներով և այլ միջոցներով: [ՊՆ]

15։08- «Վեոլիա Ջուր» ընկերությունը  բաժանորդներին և սպառողներին կոչ է անում այցելել ընկերության Բաժանորդների սպասարկման գրասենյակներ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ առաջացած խնդիրն անհետաձգելի բնույթ է կրում և անձնական ներկայություն է պահանջում:

14։42- Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերք: Չնայած Երևանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր: Նման ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն:

14։33- Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի ԵՎՐՈ-2022-ի որակավորման փուլի՝ ապրիլի 8-ին և 14-ին նախատեսված հանդիպումները Բուլղարիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև հետաձգվել են անորոշ ժամկետով: Հանդիպումների անցկացման վերջնաժամկետը 2020 թ. դեկտեմբերն է:  [ՀՖՖ]

13։58- Վանաձորի համայնքապետարանի ենթակայությամբ աշխատող բոլոր հիմնարկները փակ են։ Աշխատում է միայն քաղաքապետարանը, ընդ որում համայնքապետը թույլատրել է անչափահաս երեխա ունեցող մայրերին չգալ աշխատանքի։Վանաձորում չեղարկվել են քաղաքապետարանի և մարզպետարանի կողմից կազմակերպված բոլոր մարզական ու մշակութային միջոցառումները։  Յուրաքանչյուր երթուղուց հետո ախտահանվում են հասարակական տրանսպորտային միջոցները։|azatutyun.am|

13։54- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:, ՀՀ տարածքում գործող բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ռիսկային գոտում գտնվող իրենց աշխատակիցների  համար ապահովել են հեռահար աշխատանքային պայմաններ։Եվս մեկ անգամ հորդորում ենք քաղաքացիներին օգտվել օնլայն։ [ԿԲ]

13։25- Կոտայքի մարզի բնակիչների շրջանում այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան:Կոտայքի մարզպետարանը այսօրվանից անցել է մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու ռեժիմին:Խոսքը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը։ Նշեմ, որ մարզպետարանում տեղադրված են ախտահանիչ լուծույթով տարաներ:  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը]

13:20- ՀԿԵ-ն լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում կորոնավիրուսի կանխարգելման համար։ Մասնավորապես դա վերաբերվում է կայարանների և ներհանրապետական էլեկտրագնացքների ախտահանման ինտենսիվությանը, ուղևորների հետ շփվող անձնակազմի անհրաժեշտ դիմակներով և պարագաներով ապահովմանը: Գլխավոր տնօրենի հանձնարարությամբ մարտի 17-ից ՀԿԵ վարչական շենք, դեպոներ, գծային տնտեսություններ մուտք գործելուց դիստանցիոն ստուգվելու է բոլոր աշխատողների ջերմությունը: Բարձր ջերմություն ունեցողներն ուղղվելու են բժշկական հետազոտության:|armtimes.com|

11։00- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գտնվող բոլոր հաստատություններում՝ ծերանոցներում, երեխաների խնամքի, հոգեկան առողջության կենտրոններում, շարունակվում է պահպանվել կարանտինի ռեժիմը: Բոլոր տեսակի այցելությունները դադարեցված են: Ամենօրյա ռեժիմով կենտրոնների տարածքն ախտահանվում է, տրամադրվում են ախտահանիչ միջոցներ, սահմանված է տեղերում աշխատող բժիշկների խիստ հերթափոխություն։ [Սոցապ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյան] |armenpress.am|

 

10։56- Կորոնավիրուսի տարածման պատճռով Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն այս շաբաթ աշախատելու է օնլայն ռեժիմով: 

 

10։54-  Էջմիածնի քաղաքապետարանը մարտի 16-ից հանրային սննդի կետերում, ինչպես նաև մթերային և բանջարեղենային խանութներում բաժանելու է բժշկական սպիրտ ու քլոր։ 
|armenprss.am|

 

10։50- Հարգելիներս, երբ ուսումնական հաստատությունների աշխատանքը դադարեցվում է, դա արվում է կանխարգելման նպատակով: Հասկանում եմ, որ երեխաները տանը նստած ձանձրանում են, բայց օրը մի քանի անգամ ասում ենք, հնարավորինս քիչ շփումներ պետք է լինեն: Սոցիալական պատասխանատվությունը շատ կարևոր է: [Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյան]

 

10:38- Ցավալի է, որ մեր քաղաքացին Հայաստան ժամանելուց հետո չի գիտակցել պահի լրջությունը և անհրաժեշտ պատասխանատվությամբ չի վերաբերվել իր առողջությանը՝ թաքցնելով առողջական խնդիրները, հետևաբար նաև վտանգել է իր ընտանիքի և, առհասարակ, հանրության առողջությունը։ Այնուամենայնիվ, սոցիալական ցածր պատասխանատվությունը չի կարող հիմք հանդիսանալ որևէ մեկին թիրախավորելու, վիրավորելու կամ հայհոյելու համար։ Ես լիովին հասկանում եմ մարդկանց զայրույթը այս դեպքի առնչությամբ, բայց այս պահին այդ մարդուն վիրավորելը կամ ավելին՝ ատելության խոսքի թիրախում պահելը, որը գնալով տարածվում է սոցիալական ցանցերում, որևէ կերպ չի կարող փոխել իրավիճակը։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կնոջ մասին] |hetq.am|

 

10։23- Հայաստանում նոր կորոնավիրուսի  վարակի տարածումը կանխարգելելու նպատակով տեղեկացնում ենք, որ ՄԻՊ-ը շարունակելու է աշխատել բնականոն աշխատանքային գրաֆիկով՝ խստորեն հետևելով կորոնավիրուսի կանխարգելման ցուցումներին։ Խնդրում ենք Ձեր իսկ առողջության ապահովության համար ՄԻՊ-ին բողոք հասցեագրել առցանց եղանակով՝ 📧 [email protected] հասցեով կամ փոստով՝ 📬 Երևան 0002, Պուշկինի 56ա հասցեով: Ինչպես խորհրդատվության, այնպես էլ դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Պաշտպանին կարող եք դիմել նաև բանավոր՝ զանգահարելով 116 անվճար կամ (096) 116-100 թեժ գիծ շուրջօրյա հեռախոսահամարներին։

 

10։15- ՀՀ փաստաբանների պալատը փաստաբաններին հորդորում է 
✅մինչև մարտի 23-ը ձեռնպահ մնալ դատական նիստերին և քննչական գործողություններին (բացառությամբ անհետաձգելի դեպքերի) մասնակցելուց, այդ օրերին նշանակված դատական նիստերը և քննչական գործողությունները հետաձգելու միջնորդություններ ներկայացնելով.
✅ատարել գրավոր ընթացակարգով նախատեսված դատավարական գործողությունները (օրինակ՝ հայցադիմումի պատասխան ներկայացնել, բողոք ներկայացնել).
✅ ձեռնպահ մնալ մեկուսարաններում (ձերբակալման վայրերում) գտնվող վստահորդներին հանդիպելուց, բացառությամբ անհետաձգելի դեպքերի.
փաստաբանական հարցումները կատարելիս առավելագույնն օգտվել էլեկտրոնային հարթակներից (e-cadastre.am, e-register.am).
✅փաստաբանների պալատի հետ հարաբերություններում գրություններն ուղարկել էլեկտրոնային եղանակով.
վարակված լինելու ռիսկով մեկուսացման դեպքում տեղեկացնել Փաստաբանների պալատին:
Փաստաբանների պալատը մարտի 23-ը սահմանափակելու է նաև քաղաքացիների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ: Փաստաբանների պալատի, այդ թվում՝  հանրային պաշտպանի գրասենյակի աշխատակիցների մի մասին կտրվի տնից աշխատելու հնարավորություն (նախապատվությունը տրվելու է երեխաներ ունեցող, առողջական խնդիրներ ունեցող, ինչպես նաև 60 և ավելի տարիք ունեցող աշխատակիցներին):

 

10։10- ԱՆ-ի առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից
❗️ կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։
❗️ Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում։
❗️ Կդադարեցվեն քաղաքացիների ընդունելությունները ստորաբաժանման ղեկավարների և վարչական շրջանների աշխատակիցների կողմից։
❗️ Կչեղարկեն քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների մասնակցությունը ցանկացած բնույթի հավաքներին, նիստերին, միջոցառումներին, բացառությամբ այն դեպքերի, եթե դրանք անցկացվում են հեռակա կարգով։
❗️ Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով հարուցված վարչական վարույթի լսումները հետաձգվում են։
❗️ Քաղաքացիներին կոչ ենք անում օգտվել քաղաքապետարանի պաշտոնական կայքում հասանելի առցանց գործիքներից՝ վճարումներ կատարելու և դիմումներ մուտք անելու համար։
✔️ Դիմումների համար՝ http://arcanc.yerevan.am/am/fast-app/
✔️ Հիշեցնենք նաև, որ Երևանի քաղաքապետարանում, ինչպես նաև բոլոր վարչական շրջաններում գործում են թեժ գծեր։ [Երևանի քաղաքապետարան]

 

10։07- Բոլորիս սպառնացող վտանգները արդյունավետ կառավարելու համար արտակարգ դրության հայտարարումը անխուսափելի է թվում։ Մենք շարունակելու ենք հանրաքվեի գործընթացի նկատմամբ վերահսկողական պատշաճ գործիքակազմ ձևավորելուն, ինչպես նաև «այո»-ն բացառող տիրույթում հանրությանն ասելիք ունեցող ուժերին հարթակներ տրամադրելուն ուղղված մեր հանձնառության կենսագործումը, քանի դեռ արտակարգ դրություն հայտարարված չէ։ [«Ոչ» քարոզչական կողմ]

 

09:35- Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մարտի 16-ին՝ ժամը 08։00-ից, երկրի տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելման նպատակով։ Արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը։ Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ: ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարըով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով: [Ղազախստանում ՀՀ դեսպանատուն]

 

09:29- Հեռախոսազրույց ունեցա ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանիհետ, որի ընթացքում հայտնեցի մտահոգությունս մեր համաքաղաքացի կնոջ հասցեին համացանցում հնչող վիրավորանքների ու անպարկեշտ արտահայտությունների կապակցությամբ: Պարոն Թաթոյանի հետ համակարծիք էինք, որ անթույլատրելի և խիստ դատապարտելի են կնոջ անձնական կյանքի անձեռնմխելիության, պատվի ու արժանապատվության իրավունքների կոպտագույն խախտումները: ՄԻՄ-ը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել ինչպես բարձրաձայնված խնդիրը, այդպես էլ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված մի քանի հարցեր: Խնդրում, հորդորում և պահանջում եմ զերծ մնալ մեր համաքաղաքացու հասցեին հնչող վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև վերջինիս լուսանկարները տարածելուց. դա դատապարտելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսանկյունից։ [Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյան]

 

08:56- Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեk երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։ [Արսեն Թորոսյան]

 

08:53- Պարենի հետ կապված խնդիր չունենք, եթե լինի, մենք այդ հարցն էլ կկարգավորենք։ Խնդրում եմ չափազանցված գնումներ չանել, ավելորդ աժիոտաժ չտարածել, վստահել միայն կառավարության և պետական մարմինների կողմից տարածվող լուրերին։ [Նիկոլ Փաշինյան]

 

08:43- Մեկ ու կես- երկու ժամվա ընթացքում կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն։ Եթե խորհրդակցության արդյունքներով որոշվի, որ անհրաժեշտ է հանրապետությունում կամ նրա առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարել, կկայացվի նաև այդ որոշումը։ Եթե նույնիսկ արտակարգ դրություն հայտարարվի, շատ բանով չի փոխի մեր կյանքը, ընդամենը համաճարակային առավել ռիսկային գոտիներում առավել խիստ հսկողություն կսահմանվի, ինչպես երեկվանից մենք դա անում ենք Էջմիածնում։ [Նիկոլ Փաշինյան]

 

08:31-  Մեր թեստի պատասխանները ստացվեցին գիշերը, բարեբախտաբար բացասական էին։ Առավոտից աշխատանքի վայրում եմ։ Այսօր կարևոր հարցեր պիտի քննարկենք և կարևոր որոշումներ պիտի կայացնենք՝ վերլուծելով առկա իրավիճակը։ Մասնավորապես, պիտի պատասխանենք հարցին, թե արդյոք կարիք կա Հայաստանում կամ հանրապետության առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու։ [Նիկոլ Փաշինյան]

 

08:25- Ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող ժամանեց Զվարթնոց օդանավակայան։ Թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։ Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված պլանի։ [Արսեն Թորոսյան] 

 

08:00- Երևանի ժամանակով 23:23-ին Հռոմից հատուկ չվերթ իրականացրեց «Atlantis European Airways» հայկական ավիաընկերության ինքնաթիռը՝ Երևան տեղափոխելով Իտալիայի տարբեր շրջաններում գտնվող և հայրենիք վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներին: Ուղևորներին տրամադրվել են դիմակներ, ապահովվել են առողջապահական անվտանգության միջոցառումները: Վերջիններիս թռիչքի ընթացում ուղեկցելու են բուժաշխատողներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում: [Տիգրան Ավինյան] Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 (թարմացվող)

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14.03.20 (թարմացվող)

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13.03.20 (թարմացվող)

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13.03.20 (թարմացվող)

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել