Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11.04․20 (թարմացվող)
21:47 - 11 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11.04․20 (թարմացվող)

21:28- Տասնչորս օր Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսացվելուց հետո կրկին թեստավորվել եմ։ Հուրախություն բոլորիս՝ պատասխանը բացասական էր։ Այդ օրերի ընթացքում օրգանիզմս պայքարեց և հաղթեց հիվանդությանը։ [Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը՝ կորոնավիրուսից ապաքինվելու մասին]

 

21:17- Այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում կայացել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ անելիքների վերաբերյալ հերթական խորհրդակցությունը։ Վարչապետը նշել է, որ քանի որ կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախատեսվում է ՀՀ-ում երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, և կառավարությունը նպատակ ունի աջակցել բիզնեսի՝ հնարավորինս լայն շրջանակի, պետք է անհրաժեշտության դեպքում՝ ընդառաջել գործարար համայնքին, ընդլայնել աջակցության գործիքակազմը։ Նա հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին՝ համատեղ աշխատել և ներկայացնել համապատասխան փոփոխությունների նախագիծ։

 

20:10- ԱՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին անց է կացրել խորհրդակցություն` նվիրված նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Քննարկվել են հանրապետությունում հիվանդության արձանագրված դեպքերի եւ ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում բնակչության առողջության պահպանման ուղղությամբ լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտության հետ կապված հարցեր: Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

19։50-  Մենք մշտապես սերտ համագործակցում ենք ԱԻՆ հետ։ Գերատեսչության աշխատակիցների միջոցով ախտահանումներ էին իրականացվում կանգառներում, սակայն այս պահին հասարակական տրանսպորտը չի աշխատում, և պետք է հասկանանք, թե երբ ենք շարունակելու։ Այս պահին քաղաքապետարանը ախտահանման աշխատանքներ է իրականացնում Երևանի բոլոր վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի մուտքերում, վերելակներում։ [Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյան] |armenpress.am|

 

19։33- Նախարարությունը լծված է իր աշխատանքին, որպեսզի հնարավորինս կանխարգելի տարածումը։ Այդ պատճառով բոլոր ընտրողներին ինչպես առաջին փուլի ժամանակ, այնպես էլ երկրորդ փուլի ընթացքում տրամադրվելու են անհատական պաշտպանիչ միջոցներ։ Բոլոր ընտրատեղամասերում առողջապահության համակարգի և համայնքների վարչակազմերի օգնությամբ ախտահանման աշխատանքներ են իրականացվում և երկրորդ փուլի ժամանակ կանխարգելիչ միջոցառումները լինելու են էլ ավելի խստացված։ [ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյան] |tert.am|

 

17։52-  Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին (ժամը՝ 15։40-ին)։ վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր: [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]

 

17:41- Գյումրու ավագանու նիստում հաստատվել է սոցիալապես անապահով 104 ընտանիքի ֆինանսական աջակցություն տրամադրելու նախագիծը: Այս ընտանքիներից բացի, նախատեսվում է գումար հատկացնել նաև սոցիալական ծառայություններում հաշվառված սոցիալապես խիստ անապահով այն ընտանիքները, որոնքունեն 3 անչափահաս երեխա: Գյումրիում 499 նման ընտանիք է հաշվառված: Նախագծով յուրաքանչյուր ընտանիքի հատկացվելու է 10 հազարական դրամ: |armtimes.com|

 

16։32- Գեղարքունիքի մարզից վարակակրի շփման շրջանակը հայտնի է, բոլորը մեկուսացված են։ Երկու բժիշկ թեստավորվել են։ Ընտանիքի մյուս անդամներին տեղափոխում ենք համապատասխան մեկուսացման վայր։ Բժիշկների թեստերի պատասխանները հայտնի կլինեն վաղը։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան] |aysor.am|


16։19- Նոր տիպի կորոնավիրուսով պացիենտների համար վերապրոֆիլավորված «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ծննդատունը կարող է ընդունել մոտ 150 պացիենտի։ |armenpress.am|


16։16- ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության փոխանցմամբ, Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում այսօր մեկնարկել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի Թեմի կողմից Հայրենական մեծ պատերազմում (ՀՄՊ) զոհվածների ընտանիքներին, ՀՄՊ հաշմանդամներին, մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց տրամադրված մեկ ամսվա համար անհրաժեշտ պարենամթերքն ու հիգիենիկ պարագաների՝ նախարարության միջոցով բաշխման գործընթացը: [Արցախի տեղեկատվական շտաբ]


15։25- Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 10-ին հնարավոր է դարձել ԱՄՆ-ից և Իսրայելից Թբիլիսի ժամանած՝ համապատասխանաբար 35 աշակերտների և 10 ուսանողների Հայաստան տեղափոխումը։
Հայաստանից ժամանած երկու ավտոբուսները կարողացել են մուտք գործել Վրաստանի տարածք և ՀՀ քաղաքացիներին խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով պարեկային ոստիկանության ուղեկցությամբ բարեհաջող տեղափոխել Հայաստան։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]


15։22- ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ապրիլի 11-ին ծանոթացել են Երևանում բացազատված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայի աշխատանքներին:


14։09- Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]


14։08- ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանման են ենթարկվել Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 723 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):


13։45- Թեեւ որոշ ոլորտներում սահմանափակումները բացվում են, բայց տեղաշարժի սահմանափակումները պահպանվելու են։ [Նիկոլ Փաշինյան]


13։40- Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ունենք շատ կարեւոր տոներ եւ հիշատակի օրեր։ Ապրիլի 24-ն է, մայիսի առաջին տասնօրյակում ունենք Շուշիի ազատագրման օրը եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ Այս միջոցառումներում քաղաքացիների մասնակցությունը պիտի սահմանափակվի։ Ապրիլի 24-ին, մայիսի 1-ին, 8-ին, 9-ին տեղի կունենան միայն արարողակարգային անելիքներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի։ [Նիկոլ Փաշինյան]


13։28- Եկել ենք այն համոզման, որ անխուսափելի է ու պիտի երկարացնենք արտակարգ դրության ժամկետը։ Երկուշաբթի կամ երեքշաբթի կառավարությունը կկայացնի որոշում, որից հետո տեղի կունենա ԱԺ հատուկ նիստ, որտեղ կքննարկվի ԱԴ հարցը, բայց մեր եզրակացությունն այն է, որ պետք է երկարացնենք, որովհետեւ դա անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար։ Համաճարակը շարունակվում է տարածվել ողջ աշխարհում, մեր խնդիրն է այնպես անել, որ միավոր ժամանակաշրջանում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր ունենանք, նախորդ ժամանակահատվածի համար, կարելի է ասել, լուծել ենք խնդիրը, հիվանդացությունը 30-ի շրջանակում է, ինչը այսօրվա պայմաններում գոհացուցիչ ցուցնիշ է։ [Նիկոլ Փաշինյան]


13։22- Վարակման դեպքերն ավելացել են 11-ով, այս պահին ունենք 977 վիրուսակիր։ 
Այն դեպքերը, երբ հիվանդները գտնվում են բուժհիմնարկներում, մոտ 750 է։ Այս պահին ցավոք ունենք 13 մահ, մահացած քաղաքացիների միջին տարիքը 76,2 է, իսկ հիվանդաների միջին տարիքը՝ 42։ [Նիկոլ Փաշինյան]


13։14- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում  կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ:

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ: [ՀՀ կառավարություն]


12։37- Բոլոր այն ուսուցիչները, որոնք ունեն հեռավար ուսուցմամբ դասընթացների կազմակերպման և հարթակների օգտագործման փորձ, և եթե նման տեխնիկական հնարավորություն առկա է նաև աշակերտների մոտ, ցանկալի է որպես հեռավար ուսուցման կազմակերպման եղանակ օգտագործել դրանք, օրինակ, Մուդլ հարթակի միջոցով հեռավար դասընթացների կազմակերպումը, Իթվինինգում հասանելի գործիքների կիրառությունը, Microsoft Office 365 փաթեթով աշխատանքը և այլն: Բոլոր հարթակների վերաբերյալ խորհրդատվությունը և առցանց աջակցության թեժ գիծը հասանելի են հեռավար ուսուցման համալիր էջում՝ heravar.armedu.am: [Արայիկ Հարությունյան]


11։07- Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացիներից մեկի (Քարվաճառի քաղաքացու) առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, քանի որ ունի ուղեկցող հիվանդություններ. մյուսների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մեկուսացման մեջ գտնվող 9 քաղաքացիների մոտ նոր կորոնավիրուսային վարակին բնորոշ ախտանիշներ չկան:


11։05- Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։ 86-ամյա և 81 ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։ 
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, առողջացել է ևս 24 քաղաքացի։ [Ալինա Նիկողոսյան]


11։02- Թարմացվել է 11.04.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 966
Բուժվածներ - 173
Փաստացի բուժվողներ - 780
Ընդհանուր թեստեր - 6484
Մահվան ելքեր - 13


10։01- Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ: 

Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք: 

Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով: [Նիկոլ Փաշինյան]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել