Կորոնավիրուսի հավանական շահառուն Երկիր մոլորակն է
13:41 - 18 մարտի, 2020

Կորոնավիրուսի հավանական շահառուն Երկիր մոլորակն է

Մարտի 17-ին CNN-ը հոդված է հրապարակել, ըստ որի Չինաստանի Հուբեյ նահանգում հայտարարված կարանտինն ունեցել է անսպասելի դրական արդյունք, այն է՝ կապույտ երկինք։

Սա կապված է նրա հետ, որ հայտարարված կարանտինի պատճառով գործարանները դադարեցրել են աշխատանքները, մարդիկ փակված են տներում, մեքենաներ չեն քշում։ Արդյունքում՝ 2019թ․ փետրվարի համեմատ այս տարի նույն ժամանակահատվածում «օդի լավ որակ» ունեցող օրերի քանակը ավելացել է 21,5%-ով, այս մասին է հաղորդում Չինաստանի Էկոլոգիայի ու շրջակա միջավայրի նախարարությունը։ 

Նման արդյունք գրանցվել է ոչ միայն Հուբեում։ Ամերիկյան NASA-ի ու Եվրոպական տիեզերական գործակալության կողմից արված արբանյակային լուսանկարները ապացուցում են, որ ազոտի երկօքսիդի արտանետումների քանակը հունվար–փետրվար ամիսներին Չիանստանի խոշորագույն քաղաքներում էականորեն նվազել է։ Այդ արտանետումներն առաջանում են էլէկտրակայանների, տարատեսակ արտադրամասերի ու գործարաններին, ինչպես նաև՝ մեքենաների աշխատանքի հետևանքով։

Արտադրական կենտրոնների տարածքում նախկինում առկա, աչքի համար տեսանելի թունավոր գազերի ամպերն այժմ գրեթե անհետացել են։ 

Նման պատկեր է նկատվում նաև ածխաթթու գազի (CO2) դեպքում, որն առաջանում է այնպիսի բրածո վառելիքի այրման գործընթացում, ինչպիսին է, օրինակ, ածուխը։ 

Էներգիայի ու մաքուր օդի ուսումնասիրությունների կենտրոնի տվյալներով (Center for Research on Energy and Clean Air, CREA) փետվարի 3-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանահատվածում կորոնավիրուսի դեմ կիրառվելիք միջոցառումներով պայմանավորված ածխաթթու գազի արտանետումները կրճատվել են առնվազն 25%-ով։ 

Չինաստանը համարվում է աշխարհի խոշորագույն «աղտոտողը», որին բաժին է հասնում ածխաթթու գազի տարեկան արտանետումների 30%-ը։ Այսպիսով, արտանետումների նման նվազումը հսկայական թիվ է։

Սակայն այս իրավիճակը պայմանավորված է կորոնավիրուսի հետագա տարածման դեմ ձեռնարկվող միջոցառումներով։ Փորձագետները զգուշացնում են, որ երբ Չինաստանը սկսի տնտեսական կորուստների վերականգնմանն ուղղված քայլերը, թունավոր քիմիական արտանետումների քանակը կարող է լինել անգամ ավելի բարձր, քան մինչև կորոնավիրուսի վարակի բռնկումը։

Աղբյուրը՝ cnn.com

Լիլիթ Հարությունյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել