Կոտայքի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղաջակցության ծրագրերը
18:08 - 21 փետրվարի, 2020

Կոտայքի մարզի ֆերմերներին ներկայացվել են գյուղաջակցության ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկման նպատակով փետրվարի 21-ին հանդիպում են կազմակերպել Կոտայքի մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:

Հանդիպման սկզբում Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է այս միջոցառման կազմակերպման կարևորությունը` հաշվի առնելով առաջիկայում գարնանային գյուղատնտեսական աշխատանքաների մեկնարկը: Փոխմարզպետնը հորդորել է համայնքապետերին նմանատիպ հանդիպումներ կազմակերպել իրենց համայնքներում և պետաջակցության ծրագրերի մասին տեղեկացնել բոլոր շահագրգիռ ֆերմերներին:

Այնուհետև Իռա Փանոսյանը հանգամանորեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերի պայմաններն ու արտոնությունները, որոշ ծրագրերում կատարված լրամշակումներն ու փոփոխությունները: Նա տեղեկացրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքէջում տեղադրված է յուրաքանչյուր ծրագրին մասնակցելու համար քայլերի հաջորդականությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հետարքրքրված անձանց առավել հստակ պատկերացնել յուրաքանչյուր ծրագրին մասնակցության ընթացակարգը:     

Անդրադառնալով գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրմանը` Իռա Փանոսյանը ներկայացրել է ծրագրում ներառված ապահովագրական պրոդուկտները, որոնցից կարող են օգտվել նաև Կոտայքի մարզի ֆերմերները: Նա նշել է, որ ծրագրից օգտվելու համար հարկավոր է դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ: Նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է նաև ապահովագրական պայմանգրեր կնքելու ժամկետները:

Արթուր Բաղդասարյանն իր հերթին ներկայացրել է «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի մանրամասներն ու ծրագրում կատարված փոփոխությունները: Ընդգծելով հանրապետությունում ոռոգման համակարգերի արդիականացման անհրաժեշտությունը` նա նշել է, որ Հայաստանի ջրային ռեսուրսների սակավության պայմաններում կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի ներդրումը թույլ կտա տնտեսվարողներին ոչ միայն բարձրացնել բերքատվությունը, այլև ապահովել բարձրորակ բերք:

Մարզերում իրազեկման միջոցառումները շարունակվում են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել