Կոտայքի մարզից 813 տնտեսվարողր  դիմել է Գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից օգտվելու համար
17:53 - 21 ապրիլի, 2020

Կոտայքի մարզից 813 տնտեսվարողր դիմել է Գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից օգտվելու համար

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Կոտայքի մարզից շուրջ 813 տնտեսվարողներ արդեն դիմել են ֆինանսական կառույցներին՝ Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերից օգտվելու նպատակով:

Ապրիլի 21-ի դրությամբ, «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակներում գյուղատնտեսության բնագավառում ներդրումներ կատարելու նպատակով Կոտայքի մարզից շուրջ 813 տնտեսվարողներ արդեն դիմել են ֆինանսական կառույցներին և անցել համապատասխան առցանց հավաստագրման փուլը:

Այսպիսով,

Հայտատու շահառուների 60-65%-ը ներդրումները առաջնահերթ պատրաստվում է ուղղել անասնապահության բնագավառ, որի մոտավորապես 70-75%-ը կազմում է միայն անասնապահությունը, 35-40 %-ը՝ դաշտավարության, այգեգործության, ջերմատնային և սառնարանային տնտեսությունների հիմնմանը:

«Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզից հայտատուների թիվը այս պահին հասնում է 38-ի, որոնցից մեկն արդեն անցել է փոխհատուցման առաջին փուլը:

«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության» ծրագրին դիմած հայտատուների թիվը 19 է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին, այս պահին հայտատուների մեծ մասն արդեն սկսել են շինարարական աշխատանքները:

Առանձնակի է հետաքրքրությունը ՀՀ-ում «Խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրի հատկապես երկրորդ բաղադրիչի հանդեպ, որը ենթադրում է կատարված ծախսերի մասնակի՝ 50% փոխհատուցում:

Ծրագրի շահառուների թիվը 7-ն է. նրանք բոլորն էլ փոխհատուցման բաղադրիչի հայտ են ներկայացրել:

Այստեղ հարկ եմ համարում հատուկ ընդգծել, որ Պռոշյան համայնքում արդեն հիմնվել է 20 հա խաղողի ինտենսիվ այգիներ, ինչը կարելի է համարել սկիզբ խաղողի ինտենսիվ այգիների հիմնման գործընթացում:

Ինտենսիվ այգիների հիմնմանը զուգընթաց աճում է հետաքրքրությունը նաև «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի հանդեպ, որից օգտվելու հայտ են ներկայացրել 2 քաղաքացի և ստացել համապատասխան փոխհատուցում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել