Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ մինչ օրս ՀՀ-ում արվել է մոտավորապես կորոնավիրուսի 6500 թեստ, ինչպես նաև հավելեց, որ վիրուսների թեստավորումը բժշկական ամենաբարդ հետազոտություններից մեկն է և այն բավականին երկարատև գործընթաց է։ Նախարարն ասաց, որ մի քանի ժամ առաջվա դրությամբ՝ թոքաբորբ ունեցողների ընդհանուր թիվը մոտ 180 է, կեսօրի դրությամբ ծայրահեղ ծանր վարակակիրները թիվը 8 է, ծանր վիճակում գտնվողներինը՝ 40։

Արսեն Թորոսյանն անդրադարձավ նաև Արցախում կորոնավիրուսի դեպքերին՝ նշելով, որ  մշտական կապի մեջ են Արցախում իրենց գործընկերների հետ  և այնտեղ նույնպես արվում են համապատասխան հակահամաճարակային քայլերը։

Անդրադառնալով բուժհաստատությունների սանհագույցների վիճակին և կենցաղային պայմաններին՝ նախարարն ասաց, որ ոչ բոլոր հաստատությունների բոլոր հիվանդասենյակներն ունեն առանձին սանհանգույց, բայց բոլոր տեղերում ապահովվում են հակահամաճարակային կանոնները, երբ  չհաստատված և հաստատված դեպքով քաղաքացիները չպետք է օգտվեն ոչ միայն նույն սանհանգույցից, այլև նույն կենցաղային պայմաններից։