armenpress.am: Կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց պետական թատրոններ և թանգարաններ այցելելու անվճար տոմսեր կտրամադրվեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած միջոցառման մեկնարկին այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների մշակութային առօրյան, կյանքն ակտիվացնելու համար այսօր Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար, իմ գործընկեր Արայիկ Հարությունյանի հետ ստորագրում ենք մի կարևոր հուշագիր, որը մեր քաղաքացիներին տարվա կտրվածքով շուրջ 48 թատերական ներկայացման և, գրեթե, ամեն օր՝ թանգարաններ անվճար հաճախելու հնարավորություն կտա»,- ասել է նախարարը:

Կարգի համաձայն՝ կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տոմսեր կտրամադրվեն ԿԳՍՄ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև թանգարաններ այցելելու համար:

Նախարար Բաթոյանը նշել է, որ սա կարևոր նախաձեռնություն է ոչ միայն ֆինանսական հասանելիության տեսանկյունից, այլև՝ կարող է խթան հանդիսանալ՝ մշակութային օջախների ֆիզիկական և բովանդակային մատչելիության ապահովման համար:

ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը ևս կարևորել է հուշագրի ստորագրումը և նշել, որ նախարարության ծրագրերն ուղղված են մշակութային կյանքում հնարավորինս մեծ թվով անձանց ներգրավմանը.

«Մենք երկար ենք քննարկել բոլոր մեխանիզմները, որպեսզի գործընթացը հնարավորինս հեշտ լինի մեր հայրենակիցների համար: Ուրախ եմ, որ այս տարի հաշմանդամություն ունեցող անձանց և կենսաթոշակառուների համար ավելացել է նաև թանգարաններ այցելելու հնարավորությունը»,- ասել է նախարար Հարությունյանը:

Ստորագրված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր կենսաթոշակառու կարող է անվճար այցելել յուրաքանչյուր թատերական կազմակերպություն՝ տարեկան 3 անգամ, և թանգարաններ՝ ամիսը 2 անգամ: Անվճար տոմսեր կեսաթոշակառուներին տրամադրվում են մինչև միջոցառման սկսվելը՝ առնվազն 24 ժամ առաջ, իսկ թանգարանների պարագայում՝ կեսաթոշակառուի այցելության պահին:

Կարգի համաձայն՝ յուրաքանչյուր թատերական կազմակերպություն յուրաքանչյուր միջոցառման համար ինքն է որոշում անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի 2,5-5 %-ի սահմաններում:

Տոմսերը կտրամադրվեն անձամբ կենսաթոշակառուին՝ կենսաթոշակառու լինելու հանգամանքը հավաստող  փաստաթղթի և անձնագրի առկայության դեպքում: Տոմսը տրամադրող աշխատակիցը պետք է համապատասխան գրանցամատյանում գրառում կկատարի, որտեղ կնշվի օրը, ամիսը, տարին, միջոցառման անվանումը, կենսաթոշակառուի անուն, ազգանունը, ծննդյան թիվը, հաշմանդամություն ունենալու հանգամանքը (առկայության դեպքում), հեռախոսահամարը:

Անվճար տոմս ստանալուց հետո, կենսաթոշակառուն պետք է ստորագրի գրանցամատյանի համապատասխան սյունակում: Անվճար տոմսի վրա պարտադիր պետք է նշվի կենսաթոշակառուի կամ հաշմանդամություն ունեցող անձի անունը և ազգանունը: Տոմսեր կտրամադրվեն նաև տարեցներին ծառայություններ մատուցող կազմակերպության կամ տարեցների միավորումների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներին՝ համաձայն նրանց կողմից ներկայացված ցուցակի, որտեղ պետք է նշված լինեն կազմակեպության անվանումը, կենսաթոշակառուների անուն, ազգանունները, ծննդյան թվերը: Խմբում ընդգրկված կենսաթոշակառուների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Խմբի հետ կարող է լինել մեկ ուղեկցող  (սոցիալական աշխատող, կամ տվյալ հասարակական կազմակերպության ղեկավարը), որը ևս ստանում է անվճար տոմս: Այս դեպքում տոմս ձեռք բերելու համար պետք է դիմել միջոցառման սկսվելուց առնվազն 5 օր առաջ:

Անվճար տրամադրվող տոմսերի վրա պետք է դրվի դրոշմակնիք «անվճար» նշումով (առկայության դեպքում) կամ  տրամադրվի «հրավիրատոմս» տեսակի տոմսեր:

Նշենք նաև, որ տրամադրված անվճար տոմսը այլ անձի փոխանցել չի թույլատրվում: