armenpress.am: Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի հարակից տարածքում վերաբացվել է գյուղատնտեսական սեզոնային շուկան, որը գործում է հանգստյան օրերին:

Այս մասին տեղեկացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Այս պահին շուկայում կա 108 մթերող: Նրանք ինքնակազմակերպվել են և ստեղծել են խորհուրդ, որի անդամներն իրականացնելու են վերահսկողություն, որպեսզի շուկայում չլինեն վերավաճառողներ և պահպանվեն սանիտարահիգիենիկ պայմանները»,-նշեց Օհանյանը:

Նա հավելեց, որ խորհրդի ղեկավարին նախարարությունը տրամադրել է պայմանական գումարով վարձակալությամբ գույք` կշեռքներ, տաղավարներ, որոնք 28-ն են, նաև՝ վրաններ:

Օհանյանը հիշեցրեց, որ վերջերս լուրեր էին պտտվում այն մասին, թե այս տարի շուկան չի վերաբացվելու. արդյունքում այն արդեն գործում է, սակայն շատերը տեղյակ չեն:

«Քաղաքացիները կարող են այցելել շուկա և օգտվել գյուղացիների բարիքներից»,-նշեց նախարարության մամուլի խոսնակը: