Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ինովացիոն զարգացմանը նվիրված հանդիպում
09:55 - 18 հոկտեմբերի, 2019

Կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ինովացիոն զարգացմանը նվիրված հանդիպում

Հոկտեմբերի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դոնոր-համակարգման հանդիպում, որի նպատակն էր ընդգծել Հայաստանի տնտեսության զարգացման վրա գիտության և ինովացիաների ազդեցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա էին պետական կառույցների, դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) և մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը հանձնառու է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելուն և այդ նպատակով ներդրումային բարենպաստ միջավայր և առաջադեմ ինովացիոն էկոհամակարգ ձևավորելուն: Նա հավելել է, որ կառավարությունը նպատակ ունի այնպիսի նախապայմաններ ստեղծել, որ Հայաստանը պատրաստ լինի կլանել առաջադեմ գլոբալ գիտելիքը, տնտեսությունն ի վիճակի լինի տեղափոխվել տեխնոլոգիական հաջորդ մակարդակ, ինչի շնորհիվ երկիրը կդառնա բարձր տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ արտադրող ու արտահանող երկիր:

Դոնոր-համակարգման հանդիպմանը քննարկվել է կառավարության համար առանցքային նշանակություն ունեցող ծրագիր, որն իրագործվելու է «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի հետ փոխգործակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել տարածաշրջանում նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը։


Նախագծի իրագործումը մեծ նշանակություն կունենա Հայաստանի ռազմավարական զարգացման համար՝ ազգային անվտանգության, գիտության և կրթության ու գյուղատնտեսության ոլորտների առաջխաղացման տեսանկյունից: Կառավարության ու «FAST»-ի կողմից իրագործվող այս ծրագիրը գտնվում է մշակման փուլում:

Հանդիպման նպատակն էր նաև ներգրավել միջազգային հանրությանը նախագծի մրցունակությունն ապահովելու գործում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել