Կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի տնտեսությանը․ Նիկոլ Փաշինյան
20:54 - 18 մարտի, 2020

Կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի տնտեսությանը․ Նիկոլ Փաշինյան

Մենք կիսափակ ռեժիմում ապրող պետություն եւ ժողովուրդ ենք, հիմա համաճարակի բերումով մեր բոլոր սահմանները փակվել են․ սա մի կողմից վատ է, բայց կարող է՝ լավ է, գուցե մենք ամենապատրա՞ստն ենք փակ սահմաններով ապրելուն։ Շանթ հեռուստաընկերության հետ հարցազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա կարծիքով՝ գուցե մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք հայկական արտադրանքի սպառմանը, եւ դրանով մենք ոչ միայն սպառենք, այլեւ արտադրենք, մեր ներքին սպառումը եւ արտադրումը բերենք բալանսի, որի արդյունքում կուժեղանանք․

«Երբ սահմանները բացվեն, աշխարհում հսկայական պահանջարկ է լինելու, մենք պետք է կարողանանք այդ պահանջարկը լրացնելուն պատրաստ լինել։ Մենք չենք մածում՝ ոնց անենք՝ նախաճգնաժամային վիճակին վերադառնալու, մենք մտածում ենք՝ այնպես անենք, որ օգտագործենք այս հնարավորությունը, որ եթե նախկինում պլանավորել ենք տարեկան 8-9 տոկոս տնտեսական աճ ունենալ, հիմա ունենանք 10-15 տոկոս»։

Վարչապետը հարց հնչեցրեց՝ մենք վստա՞հ ենք, որ արտահանման կարիք ունենալու ենք։ Ըստ նրա՝ կարող է պարզվել, որ մթերքը, որն արտադրում ենք, ներքին պահանջարկը հազիվ ենք բավարարում․

«Եւ ո՞վ ասաց, որ չպիտի օգտվենք առիթից եւ դիվերսիֆիկացնենք արտահանման մեր ուղիները։ Ճգնաժամային շրջանում նախկինում մենք էինք, որ որեւէ տեղ ապրանք արտահանենք, կարող է պարզվել՝ բազմաթիվ տեղեր խնդրանքներ ունենք, որ իրենց մոտ արտահանենք։ Նկատի ունեմ՝ մենք հին կլիշեներից պետք է դուրս գանք եւ մտածենք նորովի։ Իհարկե, ԵԱՏՄ-ն, ՌԴ-ն, մեր հարեւան երկրները կարեւոր են մեզ համար, բայց կարող է պարզվի պահանջարկը ՌԴ-ում ավելի է շատանում։ Այսօր անորոշություն է․ ոչ մեկը չգիտի՝ վաղն ինչ կլինի։ Բայց այդ անորոշությունը սովորաբար խուճապ է առաջացնում մարդկանց մոտ։ Մենք ասում ենք՝ մեր քաղաքականությունը կառուցում ենք այնպես, որ այդ անորոշությունների մեջ ամենօրյա ռեժիմով փնտրենք եւ գտնենք հնարավորություններ»։

Փաշինյանը կարեւորեց տնտեսությանն աջակցելու հանգամանքը։ Նա հայտնեց, որ առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը․

«Բայց հարցն այն է՝ ո՞ր ճյուղերին։ Այս հարցին ի պատասխան՝ մենք պիտի միտվենք ոչ թե անցյալին, այլ ապագային։ Ոչ միայն ո՞ր ճյուղերին, այլեւս ինչպես։ Մենք ուզում ենք այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց արդյունքում ոչ միայն բիզնեսին կաջակցնեք, այլ նաեւ կոնկրետ մարդկանց»։

Փաշինյանն ասաց, որ մշակում են մի քանի կետից բաղկացած փաթեթ, որի առաջին փուլով 25 մլրդ դրամ կհատկացնեն հետեւյալ ծրագրին․ այն ընկերությունները, որոնք վարկ կվերցնեն հայաստանյան բանկերից՝ դրամական արտահայտությամբ՝ իրենց աշխատողների աշխատավարձը վճարելու, հարկային պարտավորությունները կատարելու, կոմունալ վճարները վճարելու, հումք ձեռք բերելու եւ այլնի համար, այդ վարկի 50 տոկոսը կառավարությունը կհամաֆինանսավորի 0 տոկոսով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի, որպեսզի այդ հատվածը նույնպես լինի 0 տոկոսով։

Փաշինյանի խոսքով՝ սպառողական վարքագծի տեսակետից անորոշություններ կան, բայց մի բանում 100 տոկոսով կարելի է վստահ լինել․ ինչպես համաճարակից առաջ, այնպես էլ հետո, մարդիկ շարունակելու են սնվել․

«Եւ հետեւաբար սա շատ լավ ժամանակ է, որպեսզի մենք լուրջ աջակցությունն ցույց տանք մեր գյուղատնտեսությանը։ Մենք հիմա խնդիր ենք դրել՝ այնպես անել, որ շատ արագ գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորենք այնքան, մինչեւ դառնան 0 տոկոս։ Եւ պետք է քաջալերենք հնարավորինս շատ մարդկանց՝ զբաղվել գյուղատնտեսությամբ։ Իհարկե, սա իր հետ շղթայական պիտի բերի ներդրումներ ոռոգման, ջրամբարաշինության ոլորտում, բայց հստակ մի բան գիտենք․ մարդիկ ինչպես կորոնավիրուսից առաջ, այնպես էլ հետո, սնվելու են, ուրեմն գյուղատնտեսությունը ճիշտ ոլորտն է, որտեղ կարելի է ներդրում անել»։

Կառավարությունը 30 մլրդ դրամի փաթեթ էլ պատրաստել է զուտ սոցիալական հրատապ աջակցության համար, որպեսզի բացառեն այն վիճակը, երբ մարդկանց սոցիալական կարգավիճակի գահավիժում տեղի կունենա․

«Առաջին փաթեթի նպատակը հենց այն է, որպեսզի ընկերությունները շարունակեն գործել աշխատանքային տրամաբանությամբ, աշխատավարձ վճարեն, հարկեր վճարեն, ներդրումներ անեն, մտածեն իրենց ապագայի մասին։ Բայց երբ մենք սոցիալական նպաստ ենք ասում, այս 30 մլրդ դրամը հնարավոր սոցիալական հրդեհը մարելու համար է։ Որովհետեւ եթե հանկարծ ստացվի մի իրավիճակ, որ այս ամենի արդյունքում մեր քաղաքացին պետք է սոված լինի, բնականաբար չենք կարող ասել՝ նպաստ չենք տալիս։ Քաղաքացին ու բիզնեսը պետք է վստահ լինեն, որ պետությունը կանգնելու է իրենց կողքին։ Բայց մեր նպատակը լինելու է ոչ թե պահպանողական, այլ հեղափոխական։ Մենք ասում ենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք ունեն գաղափար, հիմա առավել եւս պիտի վստահ լինեն, որ կառավարությունը կանգնելու է իրենց կողքին»։

Վարչապետը հայտարարեց, որ ինքը կարող է երաշխավորել՝ անսահմանափակ ֆինանսավորում կունենան․

«Մենք կներդնենք այն պրոյեկտների մեջ, որոնք կլինեն նորարարական, այն առումով, որ այդ ընկերություններն իրենք իրենց եւ ՀՀ-ին կպատրաստեն նոր աշխարհին։ Մենք մտնում ենք նոր աշխարհ, հին աշխարհն այլեւս գոյություն չունի։ Պրոբլեմն այն է, որ չենք կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի հետկորոնավիրուսային աշխարհը։ Մյուս կողմից, քանի որ անորոշությունը շատ է, մենք մեր գաղափարներով կարող ենք գծագրել եւ նախագծել այդ հետկորոնավիրուսային աշխարհը։ Այստեղ էլ մենք որոշակի ֆիլտրեր կդնենք, որ ոչ թե այդ փողն ուղղակի տանք, եւ մարդիկ ծախսեն ու ոչինչ չստացվի, այլ ֆիլտրեր կդնենք, եւ այդ ուղղությամբ կգնանք։ Մեր ամեն ծախսած դրամի մեջ պետք է լինի տնտեսական հեղափոխության տրամաբանություն, եւ մենք գնալու ենք այս ուղղությամբ»։

Անդրադառնալով գյուղատնտեսության հետ կապված իրավիճակին՝ Փաշինյանն ասաց, որ այս մասով մենք ինքներս սպառելու խնդիր ունենք․

«Երբ նայում ենք աշխարհի ցուցափեղկերին, տեսնում ենք, որ դրանք դատարկ են, եւ տեսնում ենք, որ Հայաստանի ցուցափեղկերը լիքն են։ Սա մեզ պետք է ազդակ տա, որ, այնուամենայնիվ, մեր երկրում ինքնապաշտպանության բնազդներ կան։ Ես չեմ դադարում զարմանալ մեր բիզնեսի տաղանդով, մեր ժողովրդի գործարար տաղանդով։ Բայց երբ ասում ենք՝ իսկ հանրավո՞ր է, որ աշխարհում սննդամթերքի էնպիսի ճգնաժամ լինի, որ չկարողանանք ներմուծել, իսկ ինչո՞ւ պիտի մտածենք ներմուծման մասին, մենք տեղում կարող ենք արտադրել։ Տնտեսությունն անկանխատեսելի երեւույթ է։ ԵՄ սնունդ արտահանելն այնքան էլ հեշտ չէ մեզ համար, բայց ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ ԵՄ-ն ինքը մեզ չի խնդրելու սնունդ մատակարարել։ Ես գրեթե վստահ եմ, որ կորոնավիրուսի ճգնաժամից հետո համաշխարհային տնտեսական հեղափոխություն է սկսելու։ Ես ուրախ եմ, որ մենք գոնե մտադրման տեսանկյունից լիդեր լինելու հնարավորություն ունենք»։

Վարչապետը նկատեց՝ ներկայացվելիք փաթեթի առաջին մասով քննադատություններ կլինեն, թե ինչու են բանկերին ներգրավում պրոցեսի մեջ, պետք է ուղիղ աշխատել բիզնեսի հետ։ Այստեղ, Փաշինյանի պնդմամբ, կա երեք պատճառ․ առաջինն այն է, որ կառավարության վրա ավելի հեշտ է էմոցիոնալ ճնշում գործադրել, քան բանկերի, եւ մեզ հարկավոր է արբիտր՝ ծրագրերը գնահատելու համար․

«Եթե բանկը պատրաստ է կիսել ռիսկը 50 տոկոսով, կառավարությունը վստահաբար կարող է այդպես գումար ներդնել։ Խնդիրը գումար ծախսելու մեջ չէ, էսօր կարող ենք աջ ու ձախ գումար ծախսել, բայց մենք վաղը պիտի ինքներս մեզ եւ հանրությանը հաշվետվություն տանք՝ ճի՞շտ ենք ծախսել գումարը։ Հետեւաբար մեզ պետք է պարտնյոր, անկախ փորձագետ՝ պրոցեսը գնահատելու համար»։

Երկրորդը պատճառը, ինչպես նշեց Փաշինյանը, այն է, որ բանկային համակարգը նույնպես տնտեսության կարեւոր ճյուղ է, եւ պետք է չմոռնանանք, որ բանկում պահվում են քաղաքացիների խնայողությունները, եւ սրանով երաշխավորում են դրամաշրջանառությունը։

«Եւ երրորդը․ երբ ասում ենք՝ ընկերություններին պատրաստ ենք աջակցել, որպեսզի նրանք հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին աշխատավարձ վճարեն, բայց երբ այդ քաղաքացին իր աշխատավրձը ստացավ նաեւ պետության ու բանկի աջակցությամբ, ենթադրվում է, որ կփակի նաեւ վարկը, որովհետեւ ունի իր աշխատավարձի ծախսված պլանը, գիտի, որ այսքան աշխատավարձ է ստանում, այսքան էլ վարկ ունի, ու եթե աշխատավարձը ժամանակին ստանում է, պետք է նաեւ փակի վարկը։ Բանկային համակարգի հետ պայմանավորվել ենք, որ հաճախորդներին անհատական վերաբերմունք կցուցաբերեն, եւ այն հաճախորդները որոնք օբյեկտիվ կհիմանվորեն, որ իրենք կորոնավիրուսի պատճառով չեն կատարում պարտավորությունները, բանկերը ընդառաջ կգնան»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել