Կառավարությունը քննարկում է սոցիալական բնակարանաշինության գաղափարը |armenpress.am|
18:57 - 04 մարտի, 2020

Կառավարությունը քննարկում է սոցիալական բնակարանաշինության գաղափարը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ կառավարությունը քննարկում է սոցիալական բնակարանաշինության հարցը, սակայն դրա համար պետք է մանրամասն հաշվարկել քայլերը: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի առաջարկին:

Բագրատյանն առաջարկեց աղետի գոտու ընտանիքների համար գնման վկայագրերի փոխարեն բնակարաններ կառուցեն՝ ընդ որում ոչ միայն աղետի գոտում, այլ նաև ՀՀ բոլոր մարզերում: Նա վստահեցրեց, որ մարզերում 30 տարի որևէ բազմաբնակարան շենք չի կառուցվել՝ հատկապես սոցիալական բնակարանաշինության տեսքով:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այն, ինչ Բագրատյանն ասաց, դրա մասին կառավարությունը մտածել և մտածում է: «Կառավարությունում այս թեմայով 4-5 անգամ քննարկում է եղել՝ գնանք ԲԳՎ-ների ճանապարհով (բնակարանների գնման վկայագրերի տտրամադրում), թե ոչ: Այս փուլում որոշել ենք գնալ այդ ճանապարհով, բայց, ընդհանուր առմամբ, սոցիալական բնակարանաշինության գաղափարը նույնպես անընդհատ քննարկվում է»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ պետք է  նկատի ունենալ, որ երբ կա բնակավայր, որտեղ կան անտուն մարդիկ և դատարկ տներ, և այդտեղ տեղի է ունենում շինարարություն, անշարժ գույքի շուկան անկում է ապրում: Վարչապետը շեշտեց՝ պետք է նկատի ունենան, թե այն գյուղերում, որտեղ կան տասնյակ դատարկ տներ, որքանով է տրամաբանական նոր տներ կառուցելը: «Եվ հարցրել ենք շահառուներին, նրանք, որոնք ցանկացել են ԲԳՎ, նրանց տվել են ԲԳՎ, նրանք, որոնք ասել են, որ ուզում են շինարարություն, նրանց համար կապահովենք շինարարություն»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ պատգամավորներից մեկից առաջարկ է եղել պետբյուջեից որոշակի  գումար եկամտահարակի վերադարձին ուղղելու փոխարեն սոցիալական բնակարանաշինություն իրականացնեն: Փաշինյանը նշեց՝ դա էլ գաղափար է, որը պետք  քննարկենք: Նա վստահեցրեց, որ այդ գաղափարը քննարկում են: Վարչապետը նկատեց՝ կուտակած փորձը սակայն հուշում է, որ մի քայլանոց գործողությունները, եթե նույնիսկ օգուտ բերում են, ապա շատ կարճաժամկետ են, շեշտեց՝  պետք է հնարավորինս բազմաքայլ օգտագործեն միջոցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել