Կառավարությունը որոշեց հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը։

Կարգավորման նպատակն է` պետական աջակցության մեխանզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման պայմանների կիրառման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռք բերման (ներկրման) և բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, բուծվող ցեղատեսակների կատարելագործումը, տոհմային գործի զարգացումը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի ավելացումը, ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների ավելացումը։

Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • 2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ (հղի ոչխաչներ և այծեր, էգ և արու մատղաշ),

  • կավելանա ոչխարների և այծերի գլխաքանակը։ Ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերնդի ստացում,

  • կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալները։ 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ 3.5 մլրդ դրամ արժեքով միս և 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ,

  • կբարձրանա ոչխարաբուծության և այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը,

  • պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար։

  • հնարավորություններ կստեղծվեն հանրապետության արոտների և խոտհարքների առավել արդյունավետ օգտագործման համար։