news.am: ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում, որը վերաբերում է որակյալ եւ անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովմանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում պատվաստանյութերի անընդմեջ մատակարարմամբ, բյուջետային միջոցների խնայողությամբ, ինչպես նաեւ որակյալ եւ անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովմամբ:

«Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 489-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետը, նախատեսվում է 2019 թվականի կարիքների համար պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված, նախազորակոչիկների եւ զորակոչիկների համար պատվաստանյութերը եւ պատվաստումների համար օժանդակ պարագաները ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից ձեռքբերել ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Այդ նպատակով, նախատեսվում է վերջինիս հատկացնել 462,772.2 հազ. ՀՀ դրամ` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամից գնումը իրականացնելու համար, այդ թվում 9,076.6 հազ. ՀՀ դրամը կազմում է ձեռքբերվող պատվաստանյութերի եւ պատվաստումների համար օժանդակ պարագաների դիմաց վճարվելիք մաքսատուրքը:

Ընթացակարգի ամփոփման արդյունքում, արձանագրվել էր, որ կամ ոչ բոլոր չափաբաժիններով էին հայտեր ներկայացրել մասնակիցները, կամ ներկայացված գնային առաջարկները բարձր էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ներկայացված գնային առաջարկների համեմատ»,-ասված է հիմնավորման մեջ:

Այս որոշման ընդունմամբ ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումների անվտանգ եւ արդյունավետ իրականացում, որի հետեւանքով կապահովվի Հայաստանում կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելում եւ կայուն համաճարակային իրավիճակի ստեղծում: