Կառավարությունը հավանություն տվեց Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ անելու նախագծին
09:38 - 29 օգոստոսի, 2019

Կառավարությունը հավանություն տվեց Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ անելու նախագծին

Գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել.

ա. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու համար.

բ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ (Բանդիտիզմը) կամ 223-րդ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները.

գ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար՝ միաժամանակ նախատեսելով խրախուսական նորմ առ այն, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում.

դ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու համար:

Առաջարկվում է որպես որակյալ հանցակազմեր նախատեսել քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը, ինչպես նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը, որոնք կատարվել են.

ա. քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,

բ. պաշտոնեական դիրքն օգտագործելով,

գ. զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,

դ. անչափահասի ներգրավմամբ,

ե. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից:

Հաշվի առնելով միջազգային փորձը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը՝ տրվել են «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ» հասկացությունների մեկնաբանությունները՝ այդպիսով ապահովելով նշված հասկացությունների բովանդակության կանխատեսելիությունը և բացառելով իրավական որոշակիության սկզբունքի խախտման հնարավորությունը:

Առաջարկվում է համապատասխան լրացում կատարել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում՝ լուծելով լրացվող նոր հանցակազմերի ենթակայության հարցը (Քննչական կոմիտե):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրը ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ (Բանդիտիզմը) և 223-րդ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հոդվածներով նախատեսված հանցակազմերի դեպքում դրսևորել է տարբերակված մոտեցում թե՛ ծանրացնող հանգամանքների նախատեսման, թե՛ խրախուսական նորմերի կիրառման դիտանկյունից՝ առաջարկվում է, Նախագծով առաջարկվող կարգավորումներին համահունչ, նշված հանցակազմերը լրացնել ծանրացնող նոր հանգամանքներով, ինչպես նաև նախատեսել խրախուսական նորմ բանդայում մասնակցելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած և դրա գործունեության խափանմանը նպաստած անձի համար և վերջինիս ազատել քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում։

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական ենթամշակույթ երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել