Կառավարությունը հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծին
10:46 - 07 մարտի, 2019

Կառավարությունը հավանություն չտվեց ԲՀԿ-ական պատգամավորների՝ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծին

Կառավարությունն այսօր՝ մարտի 7-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի առաջարկվում էր փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում, որը գործատուին հնարավորություն կտա աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ պայմանագրով սահմանված պարտականություններն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում։

Նագագիծը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալակն հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որն իր զեկույցում ասաց, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի գործող կարգավորումների համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսանում նաեւ աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը․

«Այսինքն՝ օրենսգրքում արդեն առկա է համանման կարգավորում, որը, ի տարբերություն առաջարկվող փոփոխության, ենթադրում է ոչ թե մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, այլ պարբերաբար, առանց հարգելի պատճառի, իրեն վերապահված պարտականությունները չկատարելու եւ համապատասխան կարգապահական տույժերի առկայության դեպքում միայն աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի լուծում։
Նախագծով առաջարկվող կարգավորման ընդունման պարագայում միշտ չէ, որ գործատուի կողմից հնարավոր կլինի հիմնավորել ու ապացուցել աշխատողի՝ մեկ ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատանքային պարտականությունների առանց հարգելի պատճառի չկատարելը»: 

Բաթոյանն ասաց, որ կան աշխատանքային գործունեության ոլորտներ, որտեղ մեծ ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ ամբողջությամբ աշխատողի համար հստակ սահմանել յուրաքանչյուր օրվա աշխատանքային պարտականությունները, չափելի եւ վերահսելի դարձնել կատարման ընթացքը, գնահատել աշխատանքների կատարման այն տոկոսը, որի չկատարման դեպքում կհամարվի, որ աշխատողն ամբողջ աշխատանքային օրը չի կատարել իր աշխատանքային պարտականությունները․
«Բացի դրանից՝ առաջարկվող կարգավորումների պարագայում մեծանում է գործատուի կողմից սուբյեկտիվ որոշումների ընդունման ռիսկը:

Հետեւաբար, օրենսգրքի գործող կարգավորումն այս իմաստով առավել ընդունելի է՝ գործատուի եւ աշխատողի շահերի հավասարակշռության տեսանկյունից»:
Նախարարը նշեց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնելու է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որտեղ քննարկման առարկա են դառնալու բազմաթիվ խնդիրներ:

 

ՀՀ կառավարություն


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել