Կառավարությունը կփոխհատուցի «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուին |hetq.am|
07:32 - 29 մարտի, 2019

Կառավարությունը կփոխհատուցի «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուին |hetq.am|

hetq.am: Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուին պետք է վճարի 3600 եվրոյին համարժեք դրամ։

Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։ Փոխհատուցումը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։

ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել հունվարի 24-ին, հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը ապրիլի 24-ն է:

Գործի փաստական հանգամանքները

Դիմումատուն, ամբողջ դրույքով անժամկետ պայմանագրային հիմունքներով աշխատելով Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակում, ունեցել է 2 երեխա և 2009թ. մարտից սկսած յուրաքանչյուր վեց ամիսը մեկ պարբերաբար ներկայացրել է դիմում՝ իր բացակայության տևողությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդն երկարացնելու համար:

2011 թվականի դեկտեմբերի 1-ին Բրիտանական խորհրդի տնօրենի հրամանով՝ դիմումատուի աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է: 2012 թվականի հունվարի 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Ա.Մ.-ն վարույթ է ընդունել դիմումատուի հայցադիմումը, որով վերջինս վիճարկում էր աշխատանքից ազատման հրամանը և պահանջում վերականգնում նախկին աշխատանքում:

Հունվարի 12-ին Բրիտանական խորհուրդը լիազորել է Ար.Մ.-ին և «Պրուդենս» ընկերության մեկ այլ իրավաբան Կ.Բ.-ին միասին կամ առանձին ներկայացնել իր բոլոր շահերը Հայաստանի բոլոր ատյանների դատարաններում:

2012 թվականի հուլիսի 9-ին դատավոր Ա.Մ.-ն մերժել է դիմումատուի հայցը՝ գտնելով, որ նրա աշխատանքից ազատումը եղել է օրինական:

Առաջին ատյանի դատարանի վարույթից հետո բացահայտվել է, որ դատավոր Ա.Մ.-ն և իրավաբան Ար.Մ.-ն երկվորյակ եղբայրներ են, իսկ «Պրուդենս» իրավաբանական ընկերությունը, որտեղ Ար.Մ.-ն և Կ.Պ.-ն հանդիսանում էին ավագ աշխատակիցներ, հիմնադրվել էր Ա.Մ.-ի և Ար.Մ.-ի ավագ քրոջ կողմից և ղեկավարվում էր նրա ամուսնու՝ Է.Մ.-ի կողմից:

2012 թվականի օգոստոսի 6-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ վիճարկելով, որ դատավոր Ա.Մ.-ն իր գործի վերաբերյալ որոշում կայացնելիս չի ցուցաբերել անկողմնակալություն՝ վարույթում պատասխանողի օրինական ներկայացուցիչների հետ սերտ ընտանեկան կապերի պատճառով:

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ չանդրադառնալով դատավորի անկողմնակալության վերաբերյալ դիմումատուի փաստարկներին: Դիմումատուի վճռաբեկ բողոքը դատարանը հիմքերի բացակայության պատճառով անընդունելի է ճանաչել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, գործը քննելով, նշել է, որ այնպիսի իրավիճակում, երբ կարող է առաջանալ կողմնակալության ենթադրություն կամ արտաքին հատկանիշ, պետք է բացահայտվի վարույթի սկզբում, կատարվի գնահատում՝ որոշելու համար արդյոք դատավորին գործից հեռացնելն իսկապես անհրաժե՞շտ է, թե՝ ոչ:

Սույն գործով որևէ նման բացահայտում տեղի չի ունեցել, և դիմումատուն պատասխանողի ներկայացուցչի և դատավորի միջև կապը բացահայտել է միայն առաջին ատյանի վճիռն ստանալուց հետո: «Այսպիսով ստեղծվել է կողմնակալության արտաքին հատկանիշ»,-նշել է դատարանը։

Այս գործով Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել առաջին ատյանի դատարանի վարույթի ժամանակ դատավոր Ա.Մ.-ի անկողմնակալության ենթադրյալ բացակայության վերաբերյալ դիմումատուի փաստարկներին, հետևաբար բողոքարկման վարույթի արդյունքում առաջին ատյանում կողմնակալության արտաքին հատկանիշը չի վերացվել:

«Այսպիսով Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ դատավոր Ա.Մ.-ի մասնակցությունը գործին առաջին ատյանի դատարանի վարույթը դարձրել է կողմնակալ, և այդ թերությունը բողոքարկմամբ չի վերացվել»,- նշել է ՄԻԵԴ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել