Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը |armenpress.am|
10:00 - 30 մայիսի, 2019

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ-ական պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը |armenpress.am|

armenpress.am։ Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծով առաջարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կազմի ձևավորման նոր տարբերակ: Ըստ այդմ, առաջարկվում է, որ 7 հոգանոց Հանձնաժողովի նախագահին և երեք անդամների թեկնածությունն առաջարկի վարչապետը, իսկ մյուս երեք անդամների թեկնածությունն առաջարկեն ընդդիմադիր խմբակցությունները:

Այս առնչությամբ, կառավարության հիմնավորման մեջ ասվում է. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում 2019 թվականի ապրիլի 9-ին կատարված փոփոխության արդյունքում որպես ինքնավար մարմին հանձնաժողովի առաջին կազմը նախատեսվում է ձևավորել Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո՝ ոչ ուշ, քան մինչեւ 2019 թվականի հունիսի 30-ը, ուստի Նախագծով նախատեսված կարգավորումների պարագայում նախեւառաջ հարց է առաջանում՝ արդյոք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում ընդդիմադիր խմբակցությունների կողմից թեկնածուների առաջադրման կարգավորումը գործելու է հանձնաժողովի առաջին կազմի ձեւավորման պարագայում, թե կիրառվելու է առաջին կազմի ձեւավորումից հետո առաջին իսկ թափուր պաշտոն առաջանալու դեպքում:

Եթե նախատեսվող կարգը կիրառվելու է նաեւ առաջին կազմի ձեւավորման դեպքում, ապա տվյալ պարագայում պարզ չէ, թե կոնկրետ որ ժամկետով պաշտոնավարման համար թեկնածու առաջադրելու իրավունքն է վերապահվելու ընդդիմադիր խմբակցություններին` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող կարգավորման համաձայն` հանձնաժողովի վեց անդամների համար նախատեսված են պաշտոնավարման տարբեր ժամկետներ:

Այս առումով գտնում ենք, որ Նախագծում անհրաժեշտ է նախատեսել անցումային դրույթներ՝ սահմանելով, թե պաշտոնավարման յուրաքանչյուր ժամկետով պաշտոնավորող անդամի թեկնածու առաջադրելու իրավունքը ում է պատկանելու:

Այն դեպքում, եթե Նախագծով նախատեսվող կարգավորումը վերաբերելու է առաջին կազմից հետո ձեւավորվող կազմերին, ապա պարզ չէ նաեւ թափուր պաշտոն առաջանալու դեպքում թեկնածուների առաջադրման առաջնահերթ նախապատվության հարցը, մասնավորապես՝ ինչ հաջորդականությամբ են ՀՀ վարչապետը եւ ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնելու իրենց թեկնածուներին:

Նախագծով նախատեսված կարգավորումների պրակտիկ կիրառման ընթացքում կարող է խնդրահարույց լինել նաեւ այն հարցը, թե ինչ ընթացակարգով է իրացվելու ընդդիմադիր խմբակցությունների կողմից հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքն այն դեպքում, երբ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են:

Մասնավորապես՝ պարզ չէ, թե որ խմբակցությունից է ընտրվելու հանձնաժողովի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրվող թեկնածուն` նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեկից ավելի ընդդիմադիր խմբակցությունների առկայության պարագայում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացվեն մի քանի թեկնածուներ եւ արդյունքում վերջիններս համաձայնության չգան մեկ միասնական թեկնածու առաջադրելու հարցում:

Նման խնդիրներից խուսափելու նպատակով` առաջարկում ենք նախատեսել կարգավորում, համաձայն որի` յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցությանը հնարավորություն կընձեռնվի առաջադրել հանձնաժողովի անդամի մեկական թեկնածու, որոնցից մեկը կնշանակվի հանձնաժողովի անդամ` «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ նույն խնդրի կարգավորմանն է ուղղված ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացված է փաթեթով:

Առաջարկում ենք ԱԺ պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի եւ Արարատ Միրզոյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները քննարկել միաժամանակ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել