ԱԺ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասաց, թե կան մասնավոր ընկերություններ, որոնք իրենց աշխատողներին զգուշացնում են, որ աշխատանքից բացակայություններն անհարգելի են լինելու և չեն վճարվելու։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե կառավարությունը ինչ գործիքակազմ կարող է կիրառել հարցը լուծելու համար։ 

Բաքոյանը նաև անդրադարձավ համաշխարհային տնտեսության վերադասավորումներին։

«Մենք պետք է կարողնանք այդ վերադասավորումների մեջ դիրք զբաղեցնել։ Հիմա նավթային շուկաներում գների տատանումներ են տեղի ունենում, շուրջ 50 տոկոսով գները նվազել են, արդյո՞ք մենք պատրաստվում ենք  նավթամթերք գնել, որն ուղղակիորեն կապված է նաև մեր տնտեսության հետ»,- հարցրեց նա։ 

Պատասխանելով նրա հարցերին՝ վարչապետը նշեց․

«Իհարկե, նավթամթերքի գներն անկում են ապրել, դա բացասական ազդեցություն է ունենալու Ռուսաստանի տնտեսության վրա, արտահանման մեր պոտենցիալի վրա և ենթադրվող տրանսֆերների վրա։ Բայց վառելիքը ենթադրաբար պիտի էժանանա, և եթե այս պրոցեսը շարունակական լինի, գյուղատնտեսական միավոր արտադրանքի ինքնարժեքի նվազում տեղի կունենա։ Գուցե շատ ապրանքներ, որոնք ինքնարժեքի պատճառով նախկինում այլ շուկաներում մրցունակ չէին, հիմա կարող են այդ շուկաներում մրցունակ դառնալ»։

Վարչապետի խոսքով՝ կան նախնական տեղեկություններ, որ, օրինակ, մեզ համար հետաքրքրություն ներկայացնող երկրներից մեկում այս տարի 35 միլիարդ դոլարի գյուղատնտեսական մթերքների շուկա է ի հայտ գալիս կորոնավիրուսի պատճառով։ 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք երկու ուղղությամբ են որոշել աշխատել։

«Առաջին ամենակարևոր խնդիրը, որը պարետատան և պարետի վրա դրված է, հետևյալն է․ նրանք պետք է ապահովեն, որ մենք օր առաջ մարդկանց ոչ թե ասենք՝ տնից դուրս մի՛ եկեք, այլ ասենք՝ դո՛ւրս եկեք, սկսենք աշխատել։ Երկրորդ ուղղությունը հետևյալն է․ մենք տնտեսական հնարավորությունների գեներացմամբ պետք է զբաղվենք, այդ թվում նաև՝ տնտեսվարողներին ինչպես աջակցել, որ դա էլի դառնա ոչ թե սոցիալական նպաստի նման բան, որը մարդուն ավելի ու ավելի հետ է պահում սեփական մրցունակությունն ավելացնելուց, այլ ինչպես աջակցենք, որ այդ աջակցության արդյունքում տնտեսությունը և բիզնեսը դառնան ավելի մրցունակ»։ 

Փաշինյանը նշեց, որ կառավարությունը բաժանվել է երկու մասի․ մի մասը զբաղվում է կորոնավիրուսի կանխարգելմամբ, մյուս մասը զբաղվում է տնտեսական պրոբլեմները լուծելով և հնարավորություններն օգտագործելով։