Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձավ Կառավարության հակաճգնաժամային այն միջոցառումներին, որոնք ունեն տնտեսական բնույթ։ Նա նշեց, որ դրանցից առաջինը վերաբերում է կառավարության աջակցությանը այն կազմակերպություններին, որոնց վարկավորման կամ սուբսիդվորման վերաբերյալ որոշումները կայացվում են առևտրային բանկային համակարգի օգնությամբ։

«Սա այն դեպքն է, երբ, հաշվի առնելով, որ ծրագրերի գնահատման կարողությունները գտնվում են ֆինանսական հատվածում, և մեր բանկերն ու վարկային կազմակերպություններն են, որ ճանաչում են իրենց այն գործընկերներին, որոնց հետ ունեն երկարաժամկետ համագործակցություն և վստահություն, որ նրանց կողմից իրականացվող ծրագրերը կարող են հաջողության հասնել կառավարության ֆինանսական աջակցությամբ, կառավարությունը տրամադրում է համաֆինանսավորման, վերաֆինանսավորման կամ տոկոսների սուբսիդավորման եղանակով աջակցություն»,- ասաց նա։

Նախարարը հայտնեց, որ  երեկվա դրույամբ՝ 1-ին միջոցառման մասով բանկային համկարգի կողմից  բավարարված են եղել ընդհանուր արժեքով 1 միլիարդ 433 միլիոն դրամի վարկային փաթեթներ, փաստացի տրամադրված են  եղել 520 միլիոն դրամի վարկային միջոցներ։

«2-րդ միջոցառումը վերաբերում է  գյուղատնտեսության ոլորտում կառավարության աջակցության ծրագրերին։ Փաթեթը, բացառությամբ մեկ բաղադրիչի, նոր չէ, իրականացվում էր նաև մինչև ապրիլ ամիսը։ Ապրիլից սկսած՝ մենք  փոխեցինք հիմնական մոտեցումը․ տոկոսները սուբսիդավորում ենք ամբողջությամբ, ոչ թե մասնակի։ Կարևոր լրացում կատարեցինք․ մինչև 1 միլիոն դրամ արժեքով միկրովարկերն այլևս հասանելի կլինեն գյուղացիական տնտեսություններին»,- նշեց նա։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ երեկվա դրությամբ՝  իրենք ունեն 2-րդ միջոցառման մասով իրականացվող ծրագրերի առնրությամբ 1․1 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով հաստատված վարկային հայտեր և 600 մլն դրամ ընդհանուր արժեքով փաստացի տրամադրված վարկեր։ 

«3-րդ միջոցառումը վերաբերում է փոքր ձեռնարկություններին վարկային աջակցությանը։ Այս դեպքում մենք ոչ թե կազմակերպությունների ընտրությունը կատարում ենք ֆինանսական համակարգի օգնությամբ, այլ հաշվի ենք առնում այն փաստը, որ կազմակերպությունները 2019 թ․ ընթացքում ցուցաբերել են բարեխիղճ հարկային  և վարկային վարքագիծ։ Երեկվա դրությամբ ունենք բավական լավ ցուցանիշներ՝ հաշվի առնելով, որ ընդամենը 3  փաստացի աշխատանքային օր ենք ունեցել այդ վարկային հայտերը դիտարկելու և դրանց վերաբերյալ համապատասխանությունը հաստատելու համար»,- նշեց նա։

Նախարարն ասաց, որ արդեն կան 27 հայտատուներ, որոնք ընդհանուր արժեքով 280 միլիոն դրամ գումարով վարկային ռեսուրսներ կարող են ստանալ։ 

«Այս 4 օրերի ընթացքում ստացված 356 հայտերից մոտ 270-ը տարբեր անհամապատասխանության պատճառներով առայժմ չեն դիտարկվում, որովհետև ի սկզբանե դուրս են եղել Կառավարության կողմից հայտարարված չափորոշիչների շրջանակից։ Բայց մենք ուսումնասիրում ենք նաև այդ պատճառները՝ հասկանալու համար, թե որտեղ են խտացված այն գործոնները, որոնց փոքր փոփոխությունների արդյունքում այդ կազմակերպությունների մի մասին նույնպես առաջիկայում կարող ենք դարձնել այս վարկային ֆինանսական աջակցության շահառու»,- նշեց նա։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավելեց, որ պարբերաբար ճշգրտումներ են արվում։

«Մենք պայամանները կճշգրտենք, կփոփոխենք ուղիղ այնքան, ինչքան մենք թիրախների շրջանակում կզգանք, որ բաց են մնացել պոտենցիալ մասնակիցներ։ Մեր ցանկությունն է, որ գործիքակազմը, որը վերաբերում է մասնավորապես տնտեսական բլոկին,  ոչ թե լինի հակաճգնաժամային գործիքակազմ, այլ եթե նույնիսկ այս պահին համարվի հակաճգնաժամային, հետագայում աշխատի ի նպաստ մասնավոր հատվածի զարգացման»,- ասաց նա։