tert.am: Համահարթ եկամտային հարկը ներկայացվում է հակադրության մեջ, այսինքն՝ քիչ ստացողների շահերը հակադրում են շատ ստացողների շահերի հետ, ևս մեկ անգամ հստակեցնում եմ՝ նման հակադրություն փնտրել ընդհանրապես իմաստ չունի: ԱԺ-ում Հարկային օրենսգրքի մեծ փաթեթի քննարկմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հարակից զեկուցող Բաբկեն Թունյանը։

«Հարկային օրենսգրքի փոփոխությունը եկամտային համահարթ դարձնելը ոչ թե մեկի աշխատավարձը շատացնելն է ուրիշի հաշվին, այլ բիզնեսն ավելի մրցունակ դարձնելը»,-ասաց նա։

Պատգամավորը նշեց, թե մեկ-մեկ աբսուրդի հասնող մեկնաբանություններ են լինում, երբ տարանջատում են բիզնեսի շահերը աշխատողների շահերից։ «Կարծում եմ՝ կհամաձայնեք՝ երբ հայկական բիզնեսը, էն էլ արտահանող, դրանից ուղղակիորեն շահում է, աշխատողները ևս շահում են թե աշխատավարձերի բարձրացման, թե աշխատատեղերի ավելացման մասով»,-ասաց նա։  

Այն պնդումներին, թե համահարթ եկամտահարկը հակասահմանադրական է, Թունյանը ասաց, որ իրավաբան չէ, բայց իրեն իրավաբանները հուշել են, որ եթե կա նման մտադրություն, այդպես համարողները կարող են ստանալ ԱԺ պատգամավորների 1/5-րդի համաձայնությունը և սահմանված ընթացակարգով դիմել ՍԴ։ «Եթե գիտեն, որ արժի, և դա բավարար պայման է»,-հավելեց նա։

Գույքահարկի հետ կապված՝ պատգամավորն ասաց, որ սոցիալական արդարության կոմպոնենտը վերականգնելու են մասամբ նաև գույքահարկի ռեֆորմի հաշվին։ Բայց ասաց, որ այս վերջին երկու շաբաթվա ընթացում, երբ փաթեթը մշակվում է, և Կադաստրի կոմիտեն դեռևս գնահատել է գույքի վերագնահատման մեթոդիկան, բայց չի որոշվել, թե ինչ դրույքաչափերով է հարկվելու, արդեն քննադատություններ են հնչում։

«Բայց եթե նայեք՝ կոնկրետ ում կողմից են քննադատվում, կհասկանաք, թե ինչու էի ասում, որ այդ կարգի ռեֆորմը նախկինում չէր կարող ընդունվել, ու հիմա ճիշտ ժամանակն է, որովհետև այնտեղ կան մի քանի միլիոն դոլար արժողությամբ գույքեր, որոնց գույքահարկը պետք է ավելանա։ Ավելին` ասեմ՝ կան մի քանի միլիոն դոլար արժողությամբ սեփական տներ, որոնք ձևակերպված են որպես բազմաբնակարան շենքեր, այսինքն՝ տերը բռնել է, ամեն մի սենյակը իր մի բարեկամի անունով սեփականաշնորհել»,-ասաց պատգամավորը և նշեց, թե շատ են նրբերանգները։