Ծառուկյանի «Մուլտի գազ»-ում խախտում է հայտնաբերվել. ընկերությունը կենթարկվի վարչական տուգանքի |armtimes.com|
13:21 - 16 ապրիլի, 2019

Ծառուկյանի «Մուլտի գազ»-ում խախտում է հայտնաբերվել. ընկերությունը կենթարկվի վարչական տուգանքի |armtimes.com|

Շուկայի վերահսկողական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել 6 ԱԳԼՃԿ-ներում: Այդ 6 ԱԳԼՃԿ-ներից մեկը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» գազալցակայաններից է, որը գտնվում է Նոր Նորք վարչական շրջանում:

Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը  ասաց, որ դիմում բողոքների հիման վրա իրականացված ստուգումներով խախտումներ են հայտնաբերել:

«Խնդիրը եղել է խտության գործակցի հետ կապված, որը վերջին 15 օրում «Գազպրում»-ում բարձրացել է 0.7-ից դառնալով 0.8: Այդ գազալցակայանները խտության գործակիցը թողել էին նույն 0.7-ի սահմանում: Մեր ստուգումների ժամանակ եւ կառավարության նիստից հետո, երբ արդեն պարոն վարչապետը հորդորեց օրենքի դաշտ գալ, պարզեցինք, որ հիմնականում խախտումները նվազել են:

Դժգոհությունները շատ են նվազել: ԱԺ-ն էլ ընդունեց կիլոգրամով գազի վաճառքն իրականացնելու հետ կապված օրենքի նախագիծը, նախագահը վավերացրել է, մայիսի 1-ից ուժի մեջ կմտնի եւ խնդիրը 99 տոկոսով կլուծվի: Արդեն սպառողները ինչքան գազ լցնեն, այդքան էլ կվճարեն»,- ասաց Մկրտչյանը:

Մկրտչյանը նշեց, որ եւ «Մուլտի գազ» գազալցակայանում եւ «Լիլ սթար» ընկերությանը պատկանող Նորագավիթի գազալցակայանում խախտում է հայտնաբերվել: Նա ասաց, որ ընկերությունները ենթարկվելու են վարչական տուգանքի: Մկրտչյանի խոսքով՝ տուգանքի չափը մոտավորապես լինելու է 50-ից 100 հազար դրամ:

Մեր հարցին, թե արդյո՞ք այդ տուգանքի չափը խախտում թույլ տված ԱԳԼՃԿ-ներին կզսպի, Մկրտչյանը պատասխանեց. «Տուգանքը զսպաշապիկ չէ: Մենք նաեւ առաջարկել ենք տուգանքների մասով փոփոխություն: Նախատեսում ենք վարչական օրենսգրքով փոփոխություն կատարել՝ տուգանքները մի քանի անգամ մեծացնելով մինչեւ միլիոնի կարգի: Որովհետեւ սա 1985 թվականից ընդունված օրենսգիրք է, 50-ից 100 հազար դրամը ԱԳԼՃԿ-ների համար ոչ մի բան է»:

Նշենք, որ 6 ԱԳԼՃԿ-ներից 4-ը տարեկան ստուգումների ծրագրով էին նախատեսված, իսկ 2-ը քաղաքացիների բողոքի հիման վրա են իրականացվել: Այդ դիմում բողոքները վերաբերում էին «Մուլտի գազ»-ին եւ «Լիլ սթար»-ին:




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել