Խոսքը հաշվի շարժի մասին է. Ալումյանը՝ Սեդրակ Քոչարյանի հաշվին փոխանցված 18 մլն դոլարի մասին |factor.am|

10:19 - 21 հունիսի, 2019

factor.am:  «Ստեղծվել է մի պարադոքսալ իրավիճակ, որ մենք ՀՀ-ում որևէ ատյանի բողոք ներկայացնենք դատավորի ամենասանձարձակ գործողության դեմ, եթե այդ սսանձարձակ գործողությունն ուղղված է պարոն Քոչարյանի դեմ, ապա այդ դատավորին ոչ միայն պատասխանատվության չեն ենթարկի, այլ բոլոր ճանապարհներով կխրախուսեն»,- հարցին՝ պատրաստվո՞ւմ են բողոքել Քոչարյանի գործով դատավորի պահվածքի դեմ, ասաց նրա փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը հունիսի 20-ին մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նշելով, որ պաշտպանության կողմի վարքագիծն ուղղված է դատական նիստի ընթացքը խաթարելուն: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վերջնական դատական ակտ կայացնելու: Որոշման մասին կհայտարարվի հունիսի 25-ին, ժամը 16:00-ին:

Հայկ Ալումյանն ասաց՝ դատավորի դեմ որևէ բողոք ներկայացնելն անհեռանկար է. «Այն, որ բողոքարկելու ենք և սրա մասին շատ ենք խոսելու, կասկածներ թող չլինի, բայց դա, հնարավոր է, չարվի Հայաստանի առկա գործիքակազմի կիրառմամբ, այլ հնարավոր է, որ արվի միջազգային կառույցներում»: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատարանում հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանի որդու հաշվին 2007 թվականին 18 մլն դոլար է փոխանցվել, այն դեպքում, երբ Քոչարյանին արգելված էր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել:

Հայկ Ալումյանին խնդրեցինք պարզաբանել այդ գումարների ծագումնաբանությունը, որովհետև դատախազն ակնարկում էր կաշառքի մասին: «Գլխավոր դատախազն այնքան տարբեր բաներ է ասել և իրար հակասող, բացառող: Գլխավոր դատախազը, եթե նման բան է ասել, սպասեք մեկ տարի, և նա ուրիշ բան կասի, հետ գնացեք մի տարի՝ լրիվ ուրիշ բան էր ասում: Խոսքը գնում է ոչ թե հաշվի մուտքերի մասին, այլ՝ շարժի: Դա ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հաշվի մասին է, այլ Սեդրակ Քոչարյանի: Դա կապել Սիլվա Համբարձումյանի կաշառքի հաղորդագրության հետ, ընդհանրապես որևէ հիմք չունի: Սիլվա Համբարձումյանն անգամ չի ասել, որ Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել: Այն անձինք, ովքեր, որ, ըստ մեղադրանքի, Սիլվա Համբարձումյանի կաշառքը պետք է փոխանցեին Քոչարյանին, նրանք էլ են ասում, որ նման բան չի եղել»,- ասաց Հայկ Ալումյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել