Խաչատուրյան քույրեր. ի՞նչ է սպասվում նրանց և ի՞նչու են նրանք զոհեր, ոչ թե մեղավորներ |forrights.am|
07:41 - 24 հունիսի, 2019

Խաչատուրյան քույրեր. ի՞նչ է սպասվում նրանց և ի՞նչու են նրանք զոհեր, ոչ թե մեղավորներ |forrights.am|

forrights.am։ 2018 թվականի հուլիսի 2-ին Մոսկվայում Կրիստինա, Մարիա և Անգելինա Խաչատուրյանները (19, 18 և 17 տարեկան) սպանել էին իրենց հորը՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին։ Քույրերն իրենց հորը հասցրել էին դանակի բազմաթիվ հարվածներ կրծքավանդակի և վզի շրջանում, ընդ որում, քննությունը պարզել էր, որ 17-ամյա Անգելինա Խաչատուրյանը հորը 35 դանակի հարված էր հասցրել, իսկ մյուս երկու քույրերը հարվածելուց բացի նաև պղպեղի սփրեյ էին ցանել Միխայիլ Խաչատուրյանի դեմքին։ Սպանությունից հետո քույրերից ամենամեծը՝ Կրիստինան, զանգահարել էր ոստիկանություն և հայտնել կատարվածի մասին։

Ո՞վ էր Միխայիլ Խաչատուրյանը

57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը ոչ մի տեղ չէր աշխատում, սակայն սոցցանցերի նրա էջից երևում է, որ վերջինս բավականին լավ ֆինանսական վիճակում էր։ Խաչատուրյանի նկարներից նաև երևում է, որ նա հավատացյալ էր, ինչպես նշել են նրան ճանաչող մարդիկ, նա տարվա մեջ մի քանի անգամ այցելում էր Երուսաղեմ, քահանա էր հրավիրում տունը օրհնելու համար և այլն։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ավտոմեքենայում քննիչները հայտանբերել էին հերոին տեսակի թմրանյութ իսկ տանը՝ զենք։

Խաչատուրյանը նաև խնդիրներ ուներ հոգեկան առողջության հետ, դա ապացուցում են նրա բժշկական փաստաթղթերը։ Խաչատուրյանի նկարներից նաև երևում է, որ վերջինս բավականին կապված էր Հայաստանի և Ռուսաստանում հայ համայնքի հետ, դա է վկայում նաև Մոսկվայի հայկական եկեղեցու բակում նրա լուսանկարը Ռուբեն Վարդանյանի հետ։

Բավականին հիմնավոր կասկածներ կան, որ Միխայիլ Խաչատուրյանը սերտ կապերի մեջ է եղել քրեական աշխարհի հետ, և ապրուստ էր «վաստակում» ուղղակի քրեական աշխարհից եկող նվիրատվությունների շնորհիվ։

Միխայիլ Խաչատուրյանն ամուսնացած էր եղել մոլդովացի Աուրելիա Դունդուկի հետ, որին տնից վռնդել էր մի քանի տարի առաջ, իսկ իր 3 աղջիկներին և տղային՝ արգելել շփվել մոր հետ։ Բայց տղան չէր կատարել հոր պահանջը, ինչի պատճառով էլ Միխայիլը 2013 թվականին վռնդել էր տնից նաև սեփական որդուն և ամբողջովին խզել կապերը նրա հետ։

Խաչատուրյանների հարևանների և բարեկամների կարծիքներն այս ընտանիքի մասին խիստ իրարամերժ են։ Հարևանները պնդում են, որ քույրերի վրա նկատել են կապտուկներ, տնից ճչոցներ ու գոռոցներ են լսել։ Բարեկամները, մասնավորապես Միխայիլ Խաչատուրյանի քույրը, մայրը և նրան հայր անվանող ոմն Արսեն անունով տղան, Միխայիլի մասին խոսում են որպես պատվի մարդ, ով չափազանց շատ էր սիրում իր երեխաներին և ոչինչ չէր խնայում նրանց համար։

Միխայիլ Խաչատուրյանի նախկին կնոջ՝ Աուրելիա Դունդուկի պնդմամբ, ամուսինը նաև իրեն էր ծեծում և նվաստացնում, անտանելի խանդոտ էր և փորձել էր նույնիսկ սպանել իրեն, երբ ինքը՝ չդիմանալով ծեծին, փախչում էր տնից։

Աղջիկների և հոր փոխհարաբերությունները

Սպանությունից հետո Խաչատուրյան ընտանիքի մասին ի հայտ եկան բազմաթիվ զարհուրելի հանգամանքներ։ Քննության ժամանակ ասված մի քանի փաստեր դեռ ապացուցման կարիք ունեն, սակայն ՌԴ քննչական մարմինները հրապարակեցին նաև մի քանի աուդիոձայնագրություն, որտեղ աստվածավախ և պատվարժան Միխայիլ Խաչատուրյանը վիրավորում է իր դստրերին վերջին վատ բառերով, սեռական բնույթի հայհոյանքներ տալիս և սպառնում, նրանց անվանելով անբարոյական, անդաստիարակ և փողոցային։

Խաչատուրյան քույրերն իրենց տված ցուցմունքներում նշում են ոչ միայն ծեծի, նվաստացման և հայհոյանքների, այլև հոր կողմից սեռական բռնության մասին, որը կատարվել է պարբերաբար, և ինչի պատճառով քույրերը նույնիսկ տնից փախուստի փորձեր են կատարել։ Սեռական բռնության մասով վկայություն է տվել նաև Միխայիլի որդին՝ Սերգեյը, ում խոսքով մի անգամ մեծ քույրը զանգահարել է իրեն և պատմել, որ հայրը փոքր քրոջը ստիպել է իր հետ լոգանք ընդունել։

Հատկանշական է նաև այն, որ հայրը արգելում էր աղջիկներին դպրոց հաճախել և նրանք շատ բացակայություններ ունեին։ Քույրերի համադասարանցիների խոսքով՝ նրանք խնդրում էին ոչ ոքի չասել կապտուկների մասին և թաքցնում էին կատարվածը, որովհետև վախենում էին իրենց հորից։

Սպանության օրը քույրերից ամենափոքրը՝ Անգելինան, նամակագրություն էր ունեցել իր ընկերուհիներից մեկի հետ, որում կարծես թե ինչ-որ ակնարկ էր արել սպանության մասին։ Այս նամակագրությունը որպես ապացույց բերելով, Միխայիլի մտերիմները պնդում են, որ սպանությունը նախօրոք պլանավորված էր, և քույրերը գիտակցաբար են սպանել իրենց հորը։

Շարունակությունը՝ forrights.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել