Լրագրողների համար գործատուն տեղեկանքը տալիս է մեկ անգամ․ վարչապետի խոսնակ |168.am|
13:38 - 01 ապրիլի, 2020

Լրագրողների համար գործատուն տեղեկանքը տալիս է մեկ անգամ․ վարչապետի խոսնակ |168.am|

168.am: ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։

Կառավարության պաշտոնական կայքում հրապարակված որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում: 

Նոր որոշմամբ` աշխատանքի նպատակով ինքնամեկուսացման ռեժիմ խախտող անձինք իրենց մոտ պետք է ունենան գործատուի կողմից տրվող տեղեկանք, որն իր մեջ ներառում է այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են աշխատողի անուն-ազգանունը, ընկերության անվանումը, աշխատողի անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատողի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի սկզբի և ավարտի ժամերը, տեղեկանքի գործողության ժամկետը:

Ըստ էության այս սահմանափակումները տարածվում են նաև լրագրողների վրա, որոնք նախկինում կարողանում էին տեղաշարժվել ու իրենց աշխատանքը կատարել իրենց լրագրողական բեյջերով:

Լրագրողների աշխատանքի վերաբերյալ որոշ պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Մանե Գևորգյանը նախ ասաց, որ նախկինում էլ, թեպետ լրագրողական բեյջը տեղաշարժի որոշ ազատություն տալիս էր, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր նաև տեղաշարժի թերթիկի առկայությունը, և այժմ, փաստորեն, անհրաժեշտ է նաև գործատուի կողմից տրված տեղեկանքը, որը ձեռք բերելու ժամանակ լրագրողներն ունեն այսօր մինչև կեսգիշեր:

Հարցին, թե ինչպե՞ս դա պետք է կազմակերպենք, եթե խմբագրությունը փակ է, և լրագրողները տնից են աշխատում, Մանե Գևորգյանը պատասխանեց, որ որևէ կերպ այդ տեղեկանքի ձեռքբերումը պետք է կազմակերպվի մինչև կեսգիշեր:

«Կարող եք տպել, տանել տնօրենի մոտ, նա սարքի, տա: Կարող եք ուղղակի թերթիկի վրա գրել այդ անհրաժեշտ տվյալները, տանել տնօրենին, նա լրացնի, ստորագրի ու տա ձեզ` որպես լրագրողի»,- ասաց վարչապետի խոսնակը` հավելելով, որ լրատվամիջոցից ընդամենը մեկ հոգի կարող է գնալ գործատուի մոտ, բոլորի քանակով լրացվի ու ստորագրվի այդ, ու ինքն էլ մյուսներին բաժանի՝ ըստ անհրաժեշտության:

Մեր ճշտող հարցին, թե այդ տեղեկանքը մեկ օրվա՞, թե՞ պարետի որոշմամբ սահմանափակումների բոլոր օրերի համար մեկ անգամ է տրվում, Մանե Գևորգյանը պատասխանեց, որ ամեն օր պետք չի լրացնել այդ տեղեկանքը, անհրաժեշտ է սոսկ մեկ անգամ գրել, թե որքան օրերի համար է տրվում տեղեկանքը, ու լրացնել մնացած տվյալները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել