Լյուստրացիա պետք է լինի, որովհետև պետական անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան |lragir.am|
18:18 - 27 մայիսի, 2019

Լյուստրացիա պետք է լինի, որովհետև պետական անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան |lragir.am|

lragir.am։ Զրույց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ պետք է անել ամեն ինչ, դա կկոչվի վեթինգ, թե այլ բան, որ հասարակության շրջանում բոլոր կասկածները փարատվեն, և թող պաշտոնատար անձինք ասեն, թե որտեղից իրենց այդ ունեցվածքը։ Նա նաև հավելել է, որ վեթինգը ոչ միայն դատավորներին, այլև առհասարակ բոլոր պաշտոնյաներին պետք է վերաբերվի։ Ըստ էության, իշխանությունը լյուստրացիայի՞ է գնում։

Լյուստրացիան բոլորովին այլ հասկացություն է, որովհետև լյուստրացիան, ինչպես օրինակ Գերմանիայում, շատ կոշտ գործիքներ էր ենթադրում այն մարդկանց նկատմամբ, որոնք զբաղվել էին կամ հանդիսացել էին կոմունիստական իշխանության անվտանգության ծառայության աշխատակիցներ։ Նրանք ընդհանրապես իրավունք չունեին նոր Գերմանիայում պետական պաշտոն զբաղեցնելու։ Մեր պարագայում վեթինգի արդյունքում պետական ապարատից պետք է հեռացվեն մարդիկ, որոնք չեն համապատասխանի որոշ չափանիշների. այդ չափանիշներից առաջինն այն է, որ կոռուպցիայի մեջ ներգրավված չպետք է լինեն, նաև կարող են հեռացվել ունեցվածքի և եկամուտի միջև անհամապատասխանության հիման վրա, երկրորդը, երբ իրենք ներգրավված են եղել ապօրինի գործողությունների, մարդու իրավունքների կոպիտ խախտումների մեջ, և երրորդ, երբ մասնագիտական կարողություններ չունեն։ Դա, իհարկե, պետք է վերաբերվի ոչ միայն դատարաններին, այլ ամբողջ իրավապահ համակարգին՝ ոստիկանություն, ԱԱԾ, քննչական մարմիններ, դատախազություն։

Իսկ լյուստրացիան ենթադրում է նաև օտարերկրյա գործակալներին։ Դա մի քիչ դժվար պրոցես է, որովհետև նրանց վերաբերյալ տվյալները դժվար թե ամբողջությամբ լինեն մեր անվտանգության ինստիտուտների ձեռքին։ Բոլոր դեպքերում, դա պետք է լինի, որովհետև պետական անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Ընդ որում, դա չպետք է լինի մեկանգամյա ակցիա, այլ որպես գործունեության սկզբունք։

Միաժամանակ ուզում եմ արձանագրել, որ վեթինգը խիստ ժամանակավոր, միայն կարճաժամկետ նշանակություն ունեցող գործիք է։ Այն երկարաժամկետ արդյունք չի ունենա, եթե պետական ինստիտուտների գործունեությունը և նրանց ինստիտուցիոնալ վիճակը չփոխվի։ Նկատի ունեմ, որ եթե վեթինգին զուգահեռ չստեղծվեն այն մեխանիզմները, որոնցով ձևավորվում են այդ պետական մարմինները, և չփոխվի այն օրենսդրությունը, որը կարգավորում է նրանց գործունեությունը, ոչ մի երաշխիք չկա, որ վեթինգի արդյունքում կադրային բանկի թարմացումից հետո չենք ունենան նույն խնդիրները, որոնք ունենք հիմա։ Պետք է ինստիտուցիոնալ բավական լուրջ փոփոխություններ կատարվեն, որ նոր մարդիկ չգտնվեն այն մեխանիզմի և օրենսդրական կարգավորումների շրջանակներում, որը ըստ էության որոշիչ է դառնում, և անհատը իր կամային հատկություններով շատ հաճախ չի կարող շատ բաներ փոխել։ Պետք է փոխվեն պայմանները, որոնցով նա աշխատում է։

Ձեր կարծիքով, դատական համակարգի առողջացումը որքանո՞վ հնարավոր կլինի։ Քոչարյանի գործը ցույց տվեց, որ լրջագույն խնդիրներ կան, միաժամանակ տեսանք ԲԴԽ նախագահի հրաժարականը։ Վեթինգը որքանո՞վ է հանգեցնելու համակարգային լուծումների։

Վեթինգը համակարգային փոփոխությունների չի կարող բերել, որովհետև համակարգերի ձևավորման, դրանց գործունեությունը կարգավորող, ինստիտուցիոնալ տեղը որոշող օրենսդրությունը և սահմանադրական նորմերը մնալու են նույնը։ Երբ խոսում ենք համակարգային փոփոխությունների մասին, մենք չենք խոսում անձերի մասին, այլ համակարգերի ձևավորման, գործունեության վերաբերյալ օրենսդրության փոփոխության մասին։ Եթե այդ օրենսդրությունը մնալու է նույնը, բնականաբար, համակարգային փոփոխության մասին խոսելն ավելորդ է։ Մենք ընդամենը կարող ենք խոսել նույն համակարգերում մարդկային ռեսուրսի փոփոխության մասին։ Դա ևս շատ կարևոր է, բայց երկարաժամկետ առումով չի կարող մեր ակնկալիքները բավարարել։ Մասնավորապես, օրինակ, այսօր վերաքննիչ, Վճռաբեկ դատարանների նախագահները ընտրվում են ԱԺ որակյալ մեծամասնության կողմից։ Եթե որակյալ մեծամասնությունը մեկ կուսակցության ձեռքին է, ապա դուրս է գալիս, որ դատական իշխանության ձևավորումը գտնվում է մեկ կուսակցության ձեռքին։ Այսինքն` դատական իշխանության քաղաքական կախվածությունը չի վերանում։ Եթե նույնիսկ նոր դատավորն իրեն անկախ է զգում, քանի որ կոռումպացված չէ, մասնագիտական որակներով համապատասխանում է և այլն, այդուհանդերձ, նա ընտրվում է մի քաղաքական ուժի կողմից։ Այսինքն, մենք համակարգի գործունեության համար առկա ռիսկերը պետք է վերացնենք։ Դրա համար եմ ասում, որ պետք է վերացնել դատական համակարգի ձևավորման օրենսդրական, սահմանադրական մեխանիզմը։

Եթե ԱԺ-ում կա որակյալ մեծամասնություն, ապա պետք է գործի մեխանիզմ, որ ընդդիմությունը ևս որոշիչ մասնակցություն ունենա դատարանների նախագահների ընտրության հարցում։ Կամ պետք է լինի այնպես, որ դատարանների նախագահները այսօր գործող մեխանիզմով չձևավորվեն, այլ ինքնակառավարման մեխանիզմով։ Օրինակ, դատարաններն իրենք իրենց նախագահների թեկնածուներ ընտրեն ու առաջադրեն, իսկ նշանակումը լինի ֆորմալ։ Այսինքն` լինեն մասնագիտական հանձնաժողովներ, որոնք դատավորների ընտրություն կկատարեն, նրանց պիտանելիության ցուցակը կհաստատեն և ամեն ազատված տեղի համար կկատարեն ընտրություն, որ այս թեկնածուներին են առաջադրում։ Իսկ ՀՀ նախագահի կողմից նշանակումը կունենա միայն ձևական բնույթ։ Դա կարող է լինել բավական լուրջ փոփոխություն։ Իսկ այն մեխանիզմները, որոնք հիմա գոյություն ունեն դատարանների ձևավորման, դատավորների նշանակման հարցում, ձևավորվել են Սերժ Սարգսյանի իշխանության օրոք և նպատակ են ունեցել մեկ կուսակցության շահերը սպասարկելու։ Եթե դա մնում է, այո, փոխվել է իշխանության բովանդակությունը, բայց մեխանիզմը նույնն է, որից պետք է հրաժարվել։

Շարունակությունը՝ այստեղ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել