Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների եւ երկու հանրաքվեի արտահերթ քվեարկությունը |news.am|
08:01 - 06 մայիսի, 2019

Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների եւ երկու հանրաքվեի արտահերթ քվեարկությունը |news.am|

news.am: Լիտվայում մայիսի 12-ին նշանակված նախագահական ընտրությունների արտահերթ քվեարկությունն սկսվել է երկուշաբթի։ Քաղաքացիները միաժամանակ արտահերթ հանրաքվեներում քվեարկում են նաեւ երկքաղաքացիության եւ խորհրդարանում 141 պատգմավորների թիվը 121-ի կրճատելու հարցերը։ Ինչպես տեղեկացրել է Գլխավոր ընտրական հանձնաժողովը, տեղական ժամանակով ժամը 08.00-ին ընտրատեղամասերը բացվել են ամբողջ երկրում, ինքնակառավարման մարմինների շենքերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Այստեղ քվեարկում են նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարող գալ ընտրատուփերի մոտ առաջիկա կիրակի»,- նշել է հանձնաժողովի նախագահ Լաուրա Մատյոշայտիտեն։

Արտահերթ քվեարկությունը սովորաբար տեղի է ունենում երկու օր։ Այս ընտրություններում որոշվել է դրանք երկարացնել մինչեւ հինգ օր։ «Ընտրողներն արտահերթ կարող են քվեարկել մինչեւ ուրբաթ։ Դա արվել է այն բանի համար, որպեսզի առավելագույնս հեշտացվի քաղաքացիների կամարտահայտման հնարավորությունը երկրի նախագահի ընտրություններում եւ պետական կյանքի համար կարեւր հարցերի քննարկման նպատակով հանրաքվեներում»,- նշել է Մատյոշայտիտեն։

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է ինը թեկնածու։ Փորձագետների կարծիքով եւ սոցիոլոգիական հարցման տվյալներով՝ ֆավորիտներն են 54-ամյա տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան, ֆինանսների նախկին նախարար, պատգամավոր, 43-ամյա Ինգրիդա Շիմոնիտեն եւ վարչապետ, 48-ամյա Սաուլյուս Սկվերնյալիսը։ Լիտվայի ներկայիս նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն պաշտոնին է երկրորդ ժամկետով եւ երրորդին հավակնել չի կարող։

Լիտվայի Հանրապետության նախագահն ընտրվում է ուղիղ գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով։ Թեկնածուների համար տարիքային ցենզ կա՝ 40 տարեկան, ինչպես նաեւ պահանջ՝ լինել Լիտվայի քաղաքացի ծագմամբ եւ առնվազն վերջին երեք տարին ապրել հանրապետությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել