Լինել առաջին դատավորը դեմոկրատական ընտրություններով ձևավորված խորհրդարանի կողմից, մի քանի աստիճան շատ ավելի բարձր պատիվ է․ Վահե Գրիգորյան |hetq.am|
13:56 - 18 հունիսի, 2019

Լինել առաջին դատավորը դեմոկրատական ընտրություններով ձևավորված խորհրդարանի կողմից, մի քանի աստիճան շատ ավելի բարձր պատիվ է․ Վահե Գրիգորյան |hetq.am|

hetq.am: Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի համար անակնկալ չէ ընտրվելը։

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Գրիգորյանը։
«Ես ասել էի, որ շատ բարձր հավանականություն էի տեսնում ինձ ընտրելու, դա ինձ համար անակնկալ չէր»,- ասաց նա։

Նախորդ առաջադրման ժամանակ Գրիգորյանն իր ելույթում ասել էր, որ նախընտրում է ընտրվել վեցերորդ գումարման խորհրդարանի կողմից, քանի որ այն չուներ քաղաքական մեծամասնություն: Մեր հարցին, թե արդյոք իր սկզբունքներին չի՞ հակասում, որ այժմ ընտրվել է մի խորհրդարանի կողմից, որը ունի քաղաքական մեծամասնություն, Գրիգորյանը պատասխանեց.

«Բացարձակապես, ես նախընտրություն եմ ունեցել, նախընտրել եմ ընտրվել վեցերորդ գումարման խորհրդարանի կողմից, որովհետև որևէ քաղաքական ուժ այդ պահին խորհրդարանում չուներ մեծամասնություն, բայց բնականաբար ընտրված լինել դեմոկրատական ընտրություններով ձևավորված ԱԺ-ի կողմից և լինել Հայաստանի առաջին դատավորը դեմոկրատական ընտրություններով ձևավորված խորհրդարանի կողմից, մի քանի աստիճան շատ ավելի բարձր պատիվ է ցանկացած դատավորի համար և մի քանի աստիճան շատ ավելի բարձր պատասխանատվություն է»։

«Ընտրվելու դեպքում ես կնախընտրեմ հենց նման խորհրդարանի կողմից ընտրվեմ, որովհետև դա առնվազն որոշակի քաղաքական համաձայնություն է նշանակում: ՍԴ ցանկացած դատավորի համար իր ընտրության ընթացքում իր ընտրությամբ ձեռք բերված բարձր լեգիտիմության մանդատը միշտ մեծագույն օգնություն է իր ծանր պատասխանատվությունը կրելու հարցում։ Ինչպիսին էլ լինի ընտրության արդյունքները, որ քաղաքական ուժն էլ ստանա մեծամասնություն, եկող խորհրդարանում մեծամասնությունը և գործադիր իշխանությունը վերահսկվելու է մեկ քաղաքական ուժի կողմից»,- ասել էր նա։

Գրիգորյանը վստահեցրեց, որ հանրապետության նախագահի կողմից նախաձեռնած բոլոր մրցույթներին մասնակցել է։

«Հայաստանում այս պաշտոնի համար առաջադրումները, նշանակումները եղել են ծայրահեղ ստվերային։ Երբևէ նման հրապարակայնություն չի եղել, մեկ տարի է՝ իմ անձն է քննարկվում, և ես եմ այսպես ցանկացել, որ լիներ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այն գործերին, որոնք այժմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում են, և որոնց տուժողների ներկայացուցիչն է ինքը, Վահե Գրիգորյանն ասաց, զգալի մասից արդեն իր մասնակցությունը դադարեցրել է, այդ գործերում կներգրավվեն այլ պաշտպաններ։ Գրիգորյանի խոսքով՝ խնդրել է, որ իր երդմնակալության արարողությունը հետաձգվի, որպեսզի մինչ այդ միջազգային բոլոր ատյաններին տեղեկացնի իր՝ ՍԴ անդամ ընտրվելու և այդ դատարանների ցանկերից հեռացվելու մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել