ԼՀԿ-ն առաջարկում է առանց հարկային պարտավորությունների՝ իրականացնել վարկերի ներման և զեղչով զիջման գործարքներ |pastinfo.am|
12:16 - 11 փետրվարի, 2020

ԼՀԿ-ն առաջարկում է առանց հարկային պարտավորությունների՝ իրականացնել վարկերի ներման և զեղչով զիջման գործարքներ |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում՝ կապված բանկերի և վարկային կազմակերպություններում հաշվառված արտաբալանսում պահվող ժամկետանց պարտավորությունների հետ։ Այս առաջարկին գլխադասային հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն, սակայն այն այսօր քննարկվում է ԱԺ քառօրյայում։ 

ԱԺ-ն այսօր կքննարկի 4 նախագիծ, որոնց գլխադասային հանձնաժողովները բացասական եզրակացություն են տվել և եւս 14՝ դրական եզրակացություն ստացած նախագիծ։

«Գիտեք, որ տարիների ընթացքում այդ պարտավորությունները կուտակվում են և սրանց մասով բանկերն ու վարկային կազմակերպությունները խնդիր են ունենում կապված հարկային օրենսդրության հետ։ Համաձայն կենտրոնական բանկի հաշվետվության բանկային համակարգում ժամկետանց վարկերը կազմում են մոտ 13%, որոնցից արտաբալանսում պահվում է մոտ 8%-ը»,-այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։

Նա նշեց, որ հաճախ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են լինում ներել ժամկետանց պարտավորությունների մի մասը՝ մնացածը միանվագ կամ նոր ժամանակացույցով վճարելու պարագայում՝ հաշվի առնելով ամբողջ գումարը ստանալու հավանականությունն ու ժամանակը։

«Միևնույն ժամանակ կա նաև պարտքի զիջման հնարավորություն որոշակի զեղչերով։ Սակայն այս բոլոր դեպքերում ֆինանսական կառույցների համար առաջանում են հարկային պարտավորություններ, մասնավորապես ներված վարկի տոկոսագումարի տույժի համար վճարվում է շահութահարկ, քանի որ այդ ամենը համարվում է եկամուտ»,շեշտեց Թանդիլյանն ու ավելացրեց, որ այս ամենի արդյունքում բանկի համար նման գործարքները հաճախ շահավետ չեն լինում։

ԼՀԿ պատգամավորի խոսքով, այս պարագայում բոլոր 3 կողմերն էլ տուժում են. ֆինանսական կառույցները չեն կարողանում հետ ստանալ ժամկետանց վարկերը, անձինք չեն կարողանում ազատվել ժամկետանց պարտավորություններից, բյուջեն էլ չի կարողանում ստանալ հարկային մուտքեր։

«Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, առաջարկել էինք Հարկային օրենսգրքում կատարել փոփոխություն, որը հնարավորություն կտա առանց հարկային պարտավորությունների իրականացնել վարկերի ներման և զեղչով զիջման գործարքներ։ Սա նաև կնպաստեր վարկերի տոկոսների նվազեցմանը։ Հարկ է նշել, որ այս պարտավորությունների մարման հավանականությունը մոտ է 0-ի, քանի որ մենք առաջարկել էինք նման հնարավորություն կիրառել միայն այն դեպքում, երբ բանկերը կամ վարկային կազմակերպությունները անցել էին ամբողջ գործընթացն այդ գումարները վերականգնելու համար։ Հանձնաժողովում քվեարկությունը միատար չի եղել, եղել են թե՛ կողմ, թե՛ դեմ և թե՛ ձեռնպահ ձայներ, սա պայմանավորված է նրանով, որ խնդրի գոյությունն արձանագրվում է, սակայն մեր առաջարկած լուծումը քննարկման առարկա է, պատրաստ ենք լսել առաջարկներ»,-ասաց Մանե Թանդիլյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել