Իրանի սահմանը փակ կլինի մինչև մարտի 24-ը․ Արսեն Թորոսյան
10:38 - 03 մարտի, 2020

Իրանի սահմանը փակ կլինի մինչև մարտի 24-ը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է Հայաստանում՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին։

«Վարչապետն էլ իր էջում գրել է, որ կորոնավիրուսով ախտորոշված քաղաքացին իրեն լավ է զգում, ջերմություն  և այլ սիմպտոմներ չունի, հուսով ենք նույն կերպ կշարունակվի։ Նույնը մեր ժամանակավորապես հատուկ վայրում ապրող քաղաքացիների մասին կարող եմ ասել․ նրանք իրենց լավ են զգում, որևէ գանգատ չունեն»-, նշել է նա։

Նախարարը տեղեկացրել է, որ երեկ առավոտյան վարչապետի մոտ տեղի ունեցած  խորհրդակցությունից հետո կառավարությունը արտահերթ որոշում է ընդունել, որը հավանաբար կհրապարակվի այսօր և ուժի մեջ կմտնի վաղը։

«Գիտեինք, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանահատումների սահմանափակումները ընդունվել էին երկու շաբաթ ժամանակով, սակայն Իրանում պայմանավորված համաճարակային իրավիճակով որոշում ընդունվեց այդ սահմանափակումները երկարեցնել ևս երկու շաբաթով․ դրանք այս պահին ընդունված որոշումներով կգործեն մինչև մարտի 24-ը։  Ինչպես նաև առկա որոշակի բացառությունները, որոնք վերաբերում էին հիմնականում բեռնափոխադրումներին, կհանվեն ժամնակավորապես՝ նույնպես մնալով սահմանափակումների դաշտում։ Որոշման հրապարակման մասին մենք, իհարկե, կհայտնենք մամուլով, որպեսզի բոլորը տեղյակ լիեն»,-ասել է նա։

Թորոսյանը նշել է, որ օդի ջերմաստիճանի բարձրացումը դրական կանխատեսումների  առիթ է տալիս, քանի որ սուր շնչառական վարակները գարնանը նահանջում են։ Նախարարը խորհուրդ է տվել շարունակել հետևել նախարարության կողմից մշակված պաշտպանիչ միջոցներին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել