ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը և հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանը նոյեմբերի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանիի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Իրանը Հայաստանի համար կարևորագույն պետություն է և կարևորագույն գործընկեր: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է միջխորհրդարանական շփումների ակտիվացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական խորհդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Խորհրդարանականները կարևորել են տարածաշրջանում անվտանգությունը և կայուն խաղաղության հաստատումը:
Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին՝ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է հիմնահարցի կարգավորման առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը և կարեւորել հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Մոհամմադ Ջավադ Ջամալի Նոբանդեգանին նշել է, որ Իրանում հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և դրական գնահատում հեղափոխությունից հետո իրականացվող փոփոխությունները:
Հանդիպման ավարտին կողմերը կարևորել են երկու երկրների խորհրդարանականների դերը համագործակցության տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացման կապակցությամբ:
comment.count (0)