Ինչ վտանգներ սպասել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» կարգավորման գործընթացում |civilnet.am|
14:57 - 15 փետրվարի, 2020

Ինչ վտանգներ սպասել «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» կարգավորման գործընթացում |civilnet.am|

civilnet.am: 2020թ. փետրվարի 9-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունները և դրանց արդյունքները շարունակում են մնալ Ադրբեջանով զբաղվող հայ փորձագետների ուշադրության կենտրոնում։ Հիմնական քննարկումները վերաբերում են ընտրությունների՝ Ադրբեջանի ներքաղաքական կյանքի և իշխանության տարբեր խմբավորումների միջև ուժերի հաշվեկշռի վրա ունեցած ազդեցությանը։

Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից այս ընտրությունները կարևորվում են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նախագահ Թուրալ Գանջալիևի պատգամավոր ընտրվելու փաստով։ Գանջալիևը ընտրվել է «Խանքենդիի թիվ 122 ընտրատարածքից»։ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» գործունեությունը զգալիորեն ակտիվացել է այն բանից հետո, երբ 2018թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի ԱԳՆ աշխատակից, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում ծնված Թուրալ Գանջալիևը կազմակերպության նախագահի պաշտոնում փոխարինեց Բայրամ Սաֆարովին։

Գանջալիևն իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում էական ջանքեր է գործադրել կազմակերպության միջազգային կապերի ընդլանման ուղղությամբ։ Հաճախակի են դարձել Ադրբեջանում հավատարմագրված տարբեր, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների դեսպանների հանդիպումները կազմակերպության ղեկավար կազմի հետ։ Հիշատակության են արժանի 2019թ. դեկտեմբերին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի և 2020թ. հունվարի 30-ին ԱՄՆ-ի դեսպանի հանդիպումը Գանջալիևի հետ։ Արդեն պատգամավոր ընտրվելուց հետո 2020թ. փետրվարի 13-ին Գանջալիևի հետ հանդիպել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Ադրբեջանի կողմից «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» գործունեության ակտիվացումն ու նրա ղեկավարի կազմի ներուժի էական ուժեղացումը տեղի է ունեցել ՀՀ իշխանությունների կողմից Արցախը բանակցությունների սեղանին վերադարձնելու պահանջի առաջադրումից հետո։ Բանակցություններին Արցախի մասնակցության մասին վարչապետ Փաշինյանը հայտարարեց 2018 թ. մայիսին վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո՝ Ստեփանակերտում։ Դրանից հետո նա մի քանի անգամ կրկնել է այս տեսակետը, այդ թվում 2018թ. հունիսի 7-ին Ազգային Ժողովի հատուկ նիստում կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները չեն կարող արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախի ղեկավարությունը:

Մինչդեռ Ադրբեջանը միանշանակ բացասական վերաբերմունք է որդեգրել այս հարցում՝ պնդելով, որ բանակցությունների ձևաչափը փոխվել չի կարող։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց հայտարարություններում ընդգծել են, որ բանակցությունների ձևաչափը կարող է փոխվել միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում։

Հայաստանի վարչապետի առաջարկը մերժելուն զուգահեռ Ադրբեջանը սկսել է բականաչափ ակտիվորեն շրջանառել «Ղարաբաղի երկու՝ հայկական և ադրբեջանական համայնքների» գոյության և նրանց խաղաղ գոյակցության անհրաժեշտության խնդիրը՝ որպես Ադրբեջանի կազմում լայն ինքնավարությամբ օժտված Լեռնային Ղարաբաղի բնակիչներ։ Քարոզչական այս թեզը բավականաչափ ակտիվորեն առաջ են մղում նաև «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավարները՝ պնդելով, որ իրենք պատրաստ են Ղարաբաղի հայերի հետ խաղաղ գոյակցության։

Ավելին կարդացեք Civilnet.am կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել