«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը հերքում է լուրը, թե հրաժարվել են օգնել կիսագիտակից հիվանդին
15:16 - 27 մայիսի, 2019

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը հերքում է լուրը, թե հրաժարվել են օգնել կիսագիտակից հիվանդին

Infocom-ի ընթերցողներից մեկը հաղորդագրություն էր ուղարկել, ըստ որի՝ երեկ, երբ ինքը Հանրապետական հիվանդանոց է գնացել՝ հիվանդի տեսակցելու, առաջին հարկում իրարանցում է եղել, Հանրապետականի ու շտապ օգնության բժիշկները հիվանդանոց են տեղափոխել կիսագիտակից մի հիվանդի, որի դեմքը այլանդակված էր։

«Ես կողք կանգնեցի, որպեսզի չխանգարեմ բժիշկների աշխատանքին։ Նրանք շատ զգույշ և մարդկային վերաբերմունքով տեղափոխում և օգնություն էին ցույց տալիս։ Բայց այն, ինչ լսեցի բժիշկների խոսքերից, այնքան դաժան էր, որ չէի հավատում, նրանք խոսում էին, թե ինչպես է «Իզմիրլյան» հիվանդանոցի բժիշկն այդ վիճակում գտնվող հիվանդին անմիջապես օգնություն ցույց տալու փոխարեն, նրան ներս չթողել, վռնդելով շտապ օգնություն է կանչել և հիվանդին մի կերպ համոզելով ժամեր անց մտցրել շտապ օգնության մեքենա և ուղարկել ուրիշ հիվանդանոց, նույնիսկ ներս չի թողել»,- գրել էր նա։ 

Նա նաև նշել էր, որ Հանրապետական հիվանդանոցում արդեն այդ հիվանդը նույնիսկ բժիշկների հարցերին չէր պատասխանում, և նրան միանգամից տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։

Մենք խոսեցինք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանի հետ, վերջինս պարզաբանեց, որ քաղաքացին սթափ վիճակում չի եղել և կատեգորիկ հրաժարվել է հիվանդանոց մտնել։

«Ինքը հարբած էր, իրեն անվտանգության աշխատակիցները գիշերվա երկուսի կողմերն են տեսել հիվանդանոցի մոտակայքում, դուրս են եկել, հարցրել, ասել ա՝ գործ չունեք իմ հետ։ Հետո ժամը վեցին նորից հայտնվել ա ախրանայի տեսադաշտում, արդեն հերթապահ բժշկին են կանչել։ Բժիշկը հրավիրել ա ներս, որ տեսնեն՝ ինչով կարող ենք օգնել, կատեգորիկ հրաժարվել ա։ Հիվանդանոց չի մտել ինքը։ Հետո, երբ ինքնազգացողությունը սկսել ա վատանալ, քանի որ մենք նևրոլոգիական բաժանմունք չունենք, շտապ օգնություն ենք կանչել, որ գոնե տեղափոխեն ուրիշ հիվանդանոց։ Մենք որևէ խնդիր չունենք այս առումով, հրավիրել ենք ներս, հրաժարվել է գալ»,- ասաց Արմեն Չարչյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել