Ի՞նչ փոփոխություններ են գրանցել 10 գերխոշոր հարկատուներն առաջին եռամսյակում |hetq.am|
12:31 - 22 ապրիլի, 2020

Ի՞նչ փոփոխություններ են գրանցել 10 գերխոշոր հարկատուներն առաջին եռամսյակում |hetq.am|

hetq.am: Այս տարվա առաջին եռամսյակում (հունվար-մարտ) Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամի հարկեր և տուրքեր։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ խոշորների հարկերն ու տուրքերն աճել են 24.6 մլրդ դրամով կամ 11.1%-ով։ 

Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հրապարակած խոշոր հարկատուների տվյալները, 2020 թվականի առաջին եռամսյակի խոշորագույն հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը պետբյուջե է վճարել 17.8 մլրդ դրամի հարկեր։ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ այն ավելացել է 4.2 մլրդ դրամով կամ 30.1%-ով։

Երկրորդ խոշոր հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ՍՊ ընկերությունն է՝ 15.3 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության հարկերն ավելացել են 2.5 մլրդ դրամով կամ 19.4%-ով։ Հիշեցնենք, որ «Գրանդ տոբակո»-ն 2019 թվականի տարեկան տվյալներով գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը։  

Առաջատարների եռյակը եզրափակում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն։ Հարկերի ծավալը կազմել է 5.4 մլրդ դրամ, որը 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել է 1.4 մլրդ դրամով կամ 36%-ով։ Հիշեցնենք, որ ինչպես «Գրանդ տոբակոն», այնպես էլ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը» ներառված են հայտնի գործարարներ Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ հոլդինգի» կազմում։ Նրանց կազմում է նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող մեկ այլ ընկերություն՝ «Մասիս տոբակո» ՍՊԸ-ն։

2020 թվականի առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկի չորրորդ հորիզոնականում է բենզինի առևտրով զբաղվող «Սիփիէս Օիլ» ՍՊԸ-ն։ Վճարել է 4.3 մլրդ դրամի հարկեր՝ 572 մլն դրամով կամ 15.2%-ով ավելին, քան նախորդ տարվա առաջին եռամսյակում։

Հաջորդում է հեռահաղորդակցության օպերատոր «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ «Վիվա-ՄՏՍ», նախկինում՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»), որը տարվա առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել 3.9 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ընկերության հարկերը թռիչքային աճ են գրանցել՝ մոտ 20 անգամ։ Սա, ամենայն հավանակությամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերության նախորդ տարվա հարկերի հաշվանցում էր կատարվել և «մաշեցվել էր» ավելի վաղ արված գերավճարները։ Այսինքն՝ 2019-ին առաջացած հարկային պարտավորությունները մարվել էին դրանից առաջ արված կանխավճարների հաշվին, ինչի արդյունքում էլ ընկերության այդ տարվա փաստացի վճարված հարկերը ցածր թիվ էին կազմել։ 

Վեցերորդ տեղում է խոշոր հարկատուների ցանկի երբեմնի առաջատար, հանքարդյունաբերությամբ զբաղվող  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ)՝ մոտ 3.5 մլրդ դրամի հարկերով, որը շուրջ երկու անգամ նվազել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Այս հարցի շուրջ ԶՊՄԿ-ն լրացուցիչ պարզաբանումներ հրապարակելու կարիք ունի։

Մյուսը խոշոր հարկատուն ծխախոտի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն է։ Վճարել է մոտ 3.5 մլրդ դրամի հարկեր։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այս ընկերություն հարկերը ևս էականորեն աճել են՝ շուրջ երեք անգամ։

Ութերորդ խոշոր հարկատուն ՀԷՑ-ն է («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ)` 3.4 մլրդ դրամի հարկերով։ Ընկերության վճարած հարկերը պակասել են 1.2 մլրդ դրամով կամ 25.5%-ով։

Հաջորդում է բենզինի առևտրով զբաղվող «Ֆլեշ» ՍՊ ընկերությունը՝ մոտ 3.2 մլրդ դրամի հարկերով, որը  574 մլն դրամով կամ 15.3%-ով պակաս է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշից։

Եվ գերխոշոր հարկատուների տասնյակն այս անգամ եզրափակում է «Ակվիլոն թրեյդ»  ՓԲ ընկերությունը, որն առաջին եռամսյակում պետական բյուջե է վճարել մոտ 3 մլրդ դրամի հարկեր։ Նվազումը՝ 443 մլն դրամ կամ մոտ 13%:

«Ակվիլոն թրեյդ» ընկերությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, «Ակվիլոն թրեյդ» ընկերությունը փոխկապակցված է ռուսաստանցի հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբին։ Զբաղվում է հագուստի մեծածախ առևտրով։ 

Շարունակությունը՝ hetq.am:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել