Ժառանգված խնդիրներից ամենամեծը Ադրբեջանից տեղահանված անձանց բնակարանային խնդիրն է |tert.am|
12:41 - 12 հուլիսի, 2019

Ժառանգված խնդիրներից ամենամեծը Ադրբեջանից տեղահանված անձանց բնակարանային խնդիրն է |tert.am|

tert.am: ԱԺ-ում այսօր կազմակերպվել էր «Փախստականների և ապաստան հայցողների հիմնախնդիրներն ու հնարավոր լուծումները թեմայով» համաժողով։

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտարարեց, թե մենք խնդիր ունենք հասկանալու, թե ինչ տեսակ ինտեգրման քաղաքականության անհրաժեշտություն ունի ՀՀ-ն։ Ըստ նրա, մոտեցումները տարբեր են եղել, թե ինչպես ինտեգրել փախստականների այս կամ այն հոսքը։

Ղազարյանը մի քանի խնդիրներ մատնանշեց, ըստ նրա՝ առաջին հերթին փախստականների ինտեգրման հայեցակարգ ունենալու հարցն է, թեև 2016թ-ին նման հայեցակարգ ընդունվել է, որը սակայն սահմանափակ է։ «Աշխատում ենք նոր ինտեգրման հայեցակարգ ունենալու շուրջ»,-ասաց նա։

Երկրորդ հարցն, ըստ նրա, առնչվում է ժառանգություն մնացած խնդիրների ցուցակին։ «Ամենամեծ խնդիրն, այդ իմաստով, Ադրբեջանից տեղահանված անձանց բնակարանային խնդիրն է: Պետությունը պարտավորություն էր ստացել խնդիրը լուծել, փորձ արվել էր, բայց տրվել է կիսատ լուծում»,-ասաց նա։

Հաջորդ կարևոր հանգամանքը, նրա խոսքով, այն է, թե փաստականների նոր հոսքերին արդյոք մենք պատրա՞ստ ենք, թե՞ ոչ և եթե այո, ապա ի՞նչ քայլեր պետք է արվեն։ «Սա ավելի շատ իրավական կարգավորումների դաշտում է դիտվում»,-ասաց նա։

Բացի այդ, ըստ նրա, պետք է նայել, թե օրենքը և օրենսդրությունը ինչպիսին պետք է լինեն, ինչպիսի տեղայնացումներ պետք է անեն Ժնևի կոնվենցիայի հետ։

Իր հերթին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը նշեց, որ աշխարհում 70 մլն-ից ավելի տեղահանված անձ կա, որից 25 մլն-ը փախստականներ են. նրանց ուղիղ կեսը երեխաներ են՝ մինչև 18 տարեկան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել