news.am: Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հինգշաբթի Միացյալ Նահանգներին կոչ է արել հարգել երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումները, այդ թվում՝ Ստամբուլում քաղաքապետի նոր ընտրություններ անցկացնելու որոշումը: Այս մասին նշված է երկրի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հարգանք դրսեւորել որոշումների նկատմամբ, որոնք ընդունում է Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը: Հարկ է նշել, որ ավելի վաղ կրկնակի ընտրությունների անցկացման որոշումներ ընդունվել են նաեւ ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում: Համանման հարցերը լուծվում են ժողովրդավարական նորմերի շրջանակում: Բոլոր ընտրություններին մեծ մասնակցությունը վկայում է ժողովրդավարության նորմերին թուրք ժողովրդի հավատարմության եւ ընտրական համակարգին վստահելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիվանագետի խոսքով՝ Ստամբուլի քաղաքապետի վերընտրությունների մասին որոշումը ընդունվել է ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումների պատճառով: «Հունիսի 23-ի նոր ընտրություններում հնարավոր ամեն ինչ կարվի, որ ընտրեն առավելագույն թվով ընտրողներ»,- շեշտել է Աքսոյը:

Նախօրեին Վաշինգտոնը Թուրքիայի իշխանություններին կոչ էր արել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններն անցկացնել «օրենքի, ԵԱՀԿ շրջանակում ստանձնած պարտավորությունների, ՆԱՏՕ-ի անդամի կարգավիճակի, ինչպես նաեւ Եվրամիությանն անդամակցելու ձգտման համաձայն»: ԱՄՆ-ն նաեւ անցկացված ընտրությունների արդյունքների չեղարկման որոշումը ոչ սովորական էր անվանել: